Բրյուսելում կայացել է Հայաստան-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի վեցերորդ նիստը

Բրյուսելում կայացել է Հայաստան-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի վեցերորդ նիստը
Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են՝ հոկտեմբերի 24-ին և 25-ին Բրյուսելում կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի վեցերորդ նիստը: Եվրոպական միության կողմից նիստը նախագահել է Եվրոպական հանձնաժողովի Առևտրի հարցերով գլխավոր տնօրինության Եվրոպայի և Արևելյան հարևանության հարցերով պատասխանատու Մարկո Դյուերկոպը, իսկ հայկական կողմից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը:
Նիստի ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի Առևտուր և առևտրին առնչվող հարցերի մասի ներքո համագործակցության շրջանակներում իրականացվող միջոցառումները և համապատասխան ճանապարհային քարտեզները հետևյալ ոլորտներում՝ ապրանքների առևտուր, մաքսային ոլորտ, առևտրի տեխնիկական խոչընդոտներ, սանիտարական և բուսասանիտարական միջոցառումներ, ծառայությունների առևտուր, հիմնադրում և էլեկտրոնային առևտուր, ընթացիկ վճարումներ և կապիտալի տեղաշարժ, մտավոր սեփականություն, պետական գնումներ, առևտուր և կայուն զարգացում, մրցակցություն, պետական ձեռնարկություններ, թափանցիկություն, վեճերի կարգավորում:
Քննարկվել են նաև Համաձայնագրի 237-րդ հոդվածով ամրագրված՝ ՀՀ-ից ծագող ապրանքների համար «Կոնյակ» աշխարհագրական նշման օգտագործման սահուն և արդյունավետ դադարեցման, ինչպես նաև արտահանման շուկաներում ՀՀ արդյունաբերությանն իր մրցունակ դիրքը պահպանելու նպատակով ԵՄ կողմից ՀՀ-ին տրամադրվող տեխնիկական և ֆինանսական աջակցության վերաբերյալ հարցերը։
Նիստի ընթացքում ներկայացվել են նաև ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի ներքո գործող՝ Աշխարհագրական նշումների և Մաքսային հարցերով ենթակոմիտեների նիստերի արդյունքները և ձեռք բերված պայմանավորվածությունները։
Օրակարգում ներառված էին նաև առևտրի և ներդրումների ոլորտում առկա զարգացումներին, առևտրում տեխնիկական խոչընդոտներին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցությանն ու առնչվող այլ հարցեր:
Նիստի ընթացքում «Վեճերի կարգավորում» (Dispute settlement) օրակարգային կետի ներքո ստորագրվել է Կոմիտեի որոշումը, և ընդունվելու են համապատասխան հավելվածները` Վարքագծի կանոններ (Code of conduct), Հաշտարարության մեխանիզմ (Mediation mechanism), Ընթացակարգային կանոններ (Rules of Procedure) փաստաթղթերը։
Միջոցառման ավարտին հաստատվել են նիստի ընթացքում քննարկված օրակարգային հարցերի վերաբերյալ ձևավորված Գործառնական եզրակացությունները: