ԱՄԷ–ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի շրջանակում իր աշխատանքը ՀՀ–ն ավարտել է. Պապոյան

ԱՄԷ–ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի շրջանակում իր աշխատանքը ՀՀ–ն ավարտել է. Պապոյան
Հայաստանն ավարտել է ԱՄԷ–ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի շրջանակում աշխատանքի իր մասը։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ասել է, որ  մանրամասները ճշտելու համար մշտական կապի մեջ է ԱՄԷ արտաքին առևտրի նախարարի հետ:
Պապոյանը խոսեց նաև գազից կախվածությունը նվազեցնելու ուղղությամբ աշխատանքների մասին։
«Մեր տնտեսության մեջ գազից կախվածությունը շարունակաբար նվազում է` ի հաշիվ մեր արևային էլեկտրակայանների։ Մենք շուտով ԱՄԷ «Մասդար» ընկերության հետ կկնքենք պայմանագիր։ Հաջորդ շաբաթ ես սպասում եմ ընկերության ներկայացուցիչներին Հայաստանում, որպեսզի վերջնական պայմանագիրը ստորագրվի ու ներդրումային մոտ 180 մլն դոլարանոց ծրագիրը սկսի գործել»,– ասաց նախարարը։
Հայկական կողմից ծրագիրը ղեկավարվում է էկոնոմիկայի նախարարության կողմից։
«Այս պայմանագիրը ոչ միայն օտարերկրյա կարևոր ներդրում է ՀՀ համար, այլև Հայաստանի էներգետիկ անվտանգությունը էականորեն բարձրացնող և դիվերսիֆիկացնող նախագիծ է լինելու»,– ընդգծեց Պապոյանը։
Նշենք, որ Հայաստանի և ԱՄԷ–ի առևտրի ծավալը վերջին երկու տարում աճել է ավելի քան 20 անգամ` հասնելով մինչև մոտ 2,3 մլրդ դոլարի։