Ցուցանիշները վկայում են, որ ԵԱՏՄ–ն իսկապես աշխատում է. ՀՀ նախագահ

Ցուցանիշները վկայում են, որ ԵԱՏՄ–ն իսկապես աշխատում է. ՀՀ նախագահ
Եվրասիական տնտեսական միության ցուցանիշները վկայում են, որ կառույցն իսկապես աշխատում է։ Sputnik Արմենիա-յի հրապարակման համաձայն, Ղազախական «Կազախինֆորմ» գործակալության հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը, որը պաշտոնական այցով գտնվում է Աստանայում։
Նա հիշեցրել է, որ այս տարի նշվում էր Եվրասիական տնտեսական միության կազմավորման 10-ամյակը, ըստ այդմ՝ կառույցում առկա ձեռքբերումներն ու բացթողումներն ամփոփելու անհրաժեշտություն կա։
«Մենք սերտորեն աշխատում ենք ԵԱՏՄ բոլոր երկրների ներկայացուցիչների, հատկապես ղազախստանցի գործընկերների հետ, քանի որ լինում են հարցեր, որոնց լուծումը միայնակ հնարավոր չէ, ուստի շատ սերտորեն գործակցում ենք, և, ելնելով առկա տնտեսական ցուցանիշներից, կարող եմ ասել, որ Եվրասիական տնտեսական միությունն իսկապես աշխատում է», - հավելել է նա։
Խաչատուրյանը միաժամանակ կրկնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած միտքը՝ ասելով, որ Եվրասիական տնտեսական միությունում չպետք է լինի քաղաքականություն, պետք է միայն տնտեսություն լինի: ՀՀ նախագահը միաժամանակ նշել է, որ տնտեսությունն ու քաղաքականությունը գործնականում սերտորեն փոխկապակցված են, և ոչ ոք չգիտի, թե որն է ավելի շատ ազդում մյուսի վրա՝ քաղաքականությունը տնտեսության վրա, թե հակառակը:
«Բայց, այնուամենայնիվ, մենք ելնում ենք նրանից, որ անկախ երկրներ ենք և ինքներս ենք լուծում մեր քաղաքական հարցերն ու որոշում քաղաքական գաղափարախոսությունը։ Այնպես որ աշխատում ենք ոչ թե խանգարել միմյանց այս հարցում, այլ հակառակը՝ համատեղ աշխատել ԵԱՏՄ կառույցներում և օգնել միմյանց տնտեսական ոլորտի զարգացման գործում», - նշել է նա։
Աղբյուրը՝ Sputnik Արմենիա