Նորություններ Արմավիր,Գեղարքունիքի ի և Կոտայքի մարզերից

Ներկայացնում ենք Կոտայքի,Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում պաշտոնական վերջին նորությունները՝ համառոտ․
- ՀՀ կառավարության 2023 և 2024 թվականների սուբվենցիոն ծրագրերով՝ երկու փուլով Բյուրեղավան համայնքում խոշոր ծրագիր է իրականացվում՝ մարզադաշտի հարևանությամբ հիմքից կառուցվում է ժամանակակից լուծումներով մարզադպրոց։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հունիսից և այս պահին ակտիվորեն ընթանում են նաև երկրորդ փուլի աշխատանքները:
Կառուցվել են մոնոլիտե սյուները, հեծանները. երկհարկանի շենքի արտաքին պատերն արդեն պատրաստ են: Անցկացվել են ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը, իրականացվում են դռների և պատուհանների տեղադրման աշխատանքներ:
2024 թվականի սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է իրականացնել նաև շենքի ներքին հարդարման աշխատանքները:
Նոր կառուցվող մարզադպրոցը, համաձայն նախագծի, ունենալու է ժամանակակից չափորոշիչներին համապատասխան պայմաններ, գործելու են տարբեր մարզաձևերի խմբակներ:
Ծրագրի ընդհանուր արժեքը 627.9 մլն դրամ է, որից պետական բյուջեի ֆինանսավորման չափը 35% է, իսկ համայնքի ներդրումը՝ 65% :
- Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանի և այլոց հետ հետևել է Մեծամոր քաղաքի մուտքից ՀԱԷԿ տանող 10.7 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին:
Ճանապարհը կառուցվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի պատվերով։
Ծրագրի արժեքը կազմում է 1 մլրդ 707 մլն դրամ: Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են, իրականացվում են սառը մշակման և ներքին շերտի ասֆալտապատման աշխատանքները։
Նա հետևել է նաև թիվ 3 մանկապարտեզում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։
2022 թվականին հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր է, որի արժեքը կազմում է 459.7 միլիոն դրամ։ Մանկապարտեզը նախատեսված է մինչև 250 երեխայի համար։
Այժմ ընթանում են մանկապարտեզի ներքին հարդարման աշխատանքները, առաջիկայում կմեկնարկի բակի բարեկարգումը։
Մանկապարտեզը նախատեսված է շահագործման հանձնել 2025 թվականի առաջին կեսին։
- Գեղարքունիքի մարզպետն ու աշխատակազմի ներկայացուցիչները այցելել են Երանոս գյուղի մանկապարտեզի շենքի շինհրապարակում, որտեղ ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ընթանում են բակային հատվածի հիմնանորոգման, բարեկարգման և գույքի ձեռքբերման աշխատանքները։
Երանոսի մանկապարեզի բակային հատվածի հիմնանորոգման, բարեկարգման և գույքի ձեռքբերման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 78 միլիոն 387 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2024 թվականի հոկտեմբերի սկզբից և ավարտի կհասցվեն այս տարվա ընթացքում։