100 դրամ կամ QR կոդով վճարում. Երևանում հասարակական տրանսպորտից օգտվելու նոր կարգավորումներ

100 դրամ կամ QR կոդով վճարում. Երևանում հասարակական տրանսպորտից օգտվելու նոր կարգավորումներ
Նոյեմբերի 1–ից հասարակական տրանսպորտից, մասնավորապես՝ «MAN», «ZhongTong» և «GazelCity» մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս պարտադիր պայման կլինի 100 դրամանոց մետաղադրամով կամ ավտոբուսներում տեղադրված վճարային համակարգով QR կոդի միջոցով վճարում կատարելը։
Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնեկ է, որ այս քայլն իրականացվում է մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի բերեփոխումների և միասնական տոմսային համակարգի ներդրման համատեքստում։
«Նպատակը նախևառաջ հնարավոր ստվերային շրջանառությունը կանխելն է, այդպիսով՝ վարորդներին իրենց հիմնական գործից չշեղելը, ինչպես նաև հունվարի 1–ից սպասվող միասնական տոմսային համակարգին անցում կատարելուն նախապատրաստվելը։ Ըստ այդմ՝ վարորդները ուղևորներից առձեռն գումար չեն վերցնելու և մանրը չեն վերադարձնելու»,– գրել է Կոստանյանը։
Նշվել է, որ վերջին 4 ամսվա ընթացքում «Երևանի ավտոբուս» ՓԲԸ հասույթը կազմել է 2 մլրդ 818 մլն դրամ` նախորդող 4 ամիսների համեմատ ավելանալով 3․9 %–ով: Իսկ միայն այս տարվա սեպտեմբեր ամսվա աշխատանքային օրերին հավաքագրվող հասույթը օրական կազմել է 30–32 մլն դրամ։