Շինարարությունը Հայաստանում բումի փուլում է, նկատվում է նաև սեփական տների շինարարության աճ. փորձագետ

Հայաստանում շինարարության ծավալներն աճում են, 8 ամսվա կտրվածքով աճը 16.2 տոկոս է: Շինարարության բարձր աճը հիմնականում պայմանավորված է հիփոթեքային վարկերով, ընդ որում՝ բարձր աճին նպաստել է ոչ միայն Երևանում իրականացվող բազմաբնակարան շենքերի, այլ նաև Երևանում ու մարզերում սեփական, այսինքն՝ բնակելի տների շինարարությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Նարեկ Կարապետյանը:
Հայաստանում 8 ամսում՝ հունվար-օգոստոսին իրականացվել է 330 մլրդ 735.4 մլն դրամի շինարարություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 16.2 տոկոսով:
Փորձագետը ոլորտում նման աճը պայմանավորեց ինչպես կազմակերպությունների միջոցներով իրականացվող բազմաբնակարանային շենքերի, այնպես էլ բնակչության միջոցներով իրականացվող շինարարության աճով:
«Տպավորություն կա, թե հիմնականում Երևանում իրականացվող կառուցապատումն է շինարարության բարձր աճի պատճառը: Բայց, երբ նայում ենք ցուցանիշներին, տեսնում ենք, որ դա հավասարապես պայմանավորված է ինչպես կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող շինարարությամբ, որը հիմնականում Երևանում իրականացվող բազմաբնակարանային շենքերի շինարարությունն է, այնպես էլ բնակչության միջոցներով իրականացվող շինարարությամբ: Վերջինն ավելի շատ սեփական տների շինարարությունն է, որը կարող է ֆինանսավորվել հիփոթեքային վարկերով, նաև սեփական միջոցներով»,–ասաց Կարապետյանը:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ շինարարության ընդհանուր ծավալի 48.5 տոկոսն իրականացվել է կազմակերպությունների միջոցներով: Կազմակերպությունների միջոցներով իրականացվել է 160 մլրդ 409.7 մլն դրամի շինարարություն, ինչը, սակայն, 0.8 տոկոսով նվազել է: Բնակչության միջոցների հաշվին իրականացված շինարարության ծավալն 8 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 70.2 տոկոսով՝ կազմելով 82 մլրդ 505 մլն դրամ: Կարապետյանը նկատեց՝ վերջին տարիներին աճել է սեփական տների շինարարությունը: Գործոններից մեկը, ըստ նրա, Երևանում եկամտային հարկի հետվերադարձի ծրագրի աստիճանական հետքաշումն ու Երևանում հագեցվածությունն է: Մյուս գործոնը կարող է լինել Երևանում առաջնային շուկայում բազմաբնակարան շենքերի գների զգալի աճը: Վերջին տարիներին գների մեծ աճ է արձանագրվում, ինչն ավելի գրավիչ է դարձնում հիփոթեքային վարկերի ծրագրերով անձնական նախաձեռնությամբ Երևանում կամ մարզերում տների կառուցումը: «Այն գինը, որը ձևավորվել է Երևանում բազմաբնակարան շենքերի համար, մարդկանց ստիպում է ինքնուրույն կառուցապատում իրականացնել: Մեր եկամտի մակարդակի համեմատ բավականին թանկ է Երևանում առաջնային, նաև երկրորդային շուկայից բնակարան գնելը: Դա նաև շինարարությունը տեղափոխում է դեպի երևանամերձ մարզեր՝ սեփական տների կառուցմամբ»,-ասաց Կարապետյանը:
Նրա կարծիքով՝ այս միտումը շարունակական կլինի, նաև կուղղորդվի գների ճշգրտմամբ: Հնարավոր է, որ առաջնային շուկայում հագեցվածության պատճառով նաև գների նվազում նկատվի:
Ինչ վերաբերում է պետական բյուջեի միջոցներով իրականացված շինարարությանը, ապա 8 ամսում իրականացվել է 73 մլրդ 153.5 մլն դրամի շինարարություն՝ 2023-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 30.6 տոկոսով: Կարապետյանը նշեց՝ սա հիմնականում ընդգրկում է ճանապարհաշինական ծրագրերը:
«Շինարարության ոլորտում բարձր աճը մեծապես պայմանավորված է հիփոթեքային վարկերի բումով, բայց դա ոչ միայն ընդգրկում է Երևանում տեղի ունեցող բազմաբնակարան շենքերի շինարարությունը, այլ նաև Երևանում ու մարզերում տեղի ունեցող սեփական տների շինարարությունը և ճանապարհաշինական ծրագրերը: Շինարարության աճը բավականին բարձր է վերջին տարիների համեմատ»,-նշեց նա:
Ըստ փորձագետի՝ շինարարության կշիռը, սակայն, տնտեսությունում չափավոր է:
«Տնտեսության մեջ շինարարության դերակատարմանը նայելիս՝ նկատում ենք, որ չենք կրկնում այն պատկերը, որը 2000-ականներին էր ձևավորվել, երբ շինարարությունը հասել էր տնտեսության մեկ քառորդին: Շինարարության կշիռը շարունակում է չափավոր մնալ տնտեսությունում: Բայց վերջին տարիների դինամիկային նայելով՝ կարող ենք ասել, որ շինարարությունը բումի փուլում է, որը հիմնականում պայմանավորված է հիփոթեքային վարկերով»,-ասաց փորձագետը:
Նա ընդգծեց՝ Հայաստանը ենթակառուցվածքային ներդրումների բավականին մեծ կարիք ունեցող երկիր է, պետք է ՀՆԱ-ում 6-7 տոկոս ներդրումներ իրականացնել՝ փակելու ենթակառուցվածքների ճեղքերը: «Դա կարող է ներառել «Հյուսիս–Հարավ»-ի կառուցապատումը, էներգետիկ ենթակառուցվածքների թարմացումը, ջրային ենթակառուցվածքների թարմացումը: Բոլոր ուղղություններով մեծ ճեղքեր ունենք, ինչն էլ մեծ ներդրումների կարիք է առաջացնում: Այդ տեսանկյունից մեզ համար ցանկալի մակարդակ է, որ ՀՆԱ-ի 6-7 տոկոս կամ առնվազն 5 տոկոսի չափով ներդրումներ կարողանանք կատարել ենթակառուցվածքներում: Ասիական երկրները, որոնք արագ աճի են հասել, նման մասշտաբներով ներդրումներ են արել: Ներկայում մենք հետ ենք այդ ցուցանիշից, ցանկալի է, որ այդ ցուցանիշն ավելի մեծ լինի»,-ընդգծեց Կարապետյանը:
Ինչ վերաբերում է համայնքների միջոցների հաշվին իրականացված շինարարությանը, ապա 8 ամսում համայնքների միջոցներով իրականացվել է 12 մլրդ 522 մլն դրամի շինարարություն, ինչը, սակայն, նվազել է 18.7 տոկոսով:
Աղբյուրը՝ Armenpress