Էրդողան. Թուրքիայի բնակչությունը շուտով կզգա գնանկումն «իր խոհանոցում»

Էրդողան. Թուրքիայի բնակչությունը շուտով կզգա գնանկումն «իր խոհանոցում»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ առաջիկա ամիսներին գնաճը երկրում կշարունակի նվազել, և բնակչությունն այն կզգա իր վրա։ Գրում է Sputnik Արմենիան՝ հղում տալով ՌԻԱ Նովոստիին։
Էրդողանը նշել է, որ Թուրքիան թևակոխել է գնաճի կայուն և զգալի անկման շրջան, ինչը երկար ժամանակ լուրջ խնդիր էր։ Թուրքիայի Կենտրոնական բանկի տվյալներով` երկուշաբթի դոլարը թուրքական լիրայի նկատմամբ կազմել է 34,09։
Կառավարության կանխատեսումների համաձայն` տարեկան գնաճը սեպտեմբերի վերջին կնվազի 50%-ից, մինչդեռ օգոստոսին այն արդեն իջել էր մինչև 51,97%՝ հուլիսի 61,78%-ից։
«Գնանկումը կշարունակվի, և մեր ժողովուրդն այն կզգա ոչ միայն շուկաներում, այլև սեփական խոհանոցում»,- ընդգծել է Էրդողանը` ելույթ ունենալով Թուրքիայի Ազգային մեծ ժողովի 28-րդ գումարման երրորդ օրենսդրական տարվա բացմանը:
Թուրքիան վերջին տարիներին բախվել է բարձր գնաճի, ինչը պայմանավորված է եղել թուրքական լիրայի թուլացումով և անկայուն տնտեսական քաղաքականությամբ։ Լիրան զգալիորեն արժեզրկվել է՝ թանկացնելով ներմուծվող ապրանքների գները։ Ցածր տոկոսադրույքների քաղաքականությունը, որը վարում է նախագահ Էրդողանը, չնայած տնտեսագետների քննադատությանը, վատթարացրել է իրավիճակը։
2022–2023 թվականներին գնաճը գերազանցել է 80%-ը, ինչը մեծապես ազդել է քաղաքացիների բարեկեցության վրա։ Սակայն, 2023 թվականի օգոստոսին գնաճը նվազել է մինչև 51,97% (հուլիսի 61,78% -ից), և կառավարությունն ակնկալում է, որ այն կշարունակի նվազել 50%–ից ներքև:
Աղբյուրը՝ Sputnik Արմենիա