9 անձ է կալանավորվել Իրանից Հայաստան 12 կգ թմրանյութ տեղափոխելու գործով

9 անձ է կալանավորվել Իրանից Հայաստան 12 կգ թմրանյութ մաքսանենգ ճանապարհով տեղափոխելու գործով։ Հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Պարզվել է, որ Իրանի մի քաղաքացի 2022թ.–ի ընթացքում ստեղծել է հանցավոր կազմակերպություն, նա ՀՀ մի շարք քաղաքացիների միջոցով, որպես հանցավոր կազմակերպության ղեկավար, ապահովել է առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցների՝ առանց մաքսային հսկողության տեղափոխումը ՀՀ տարածք։
«ՀՀ տարածքում թմրամիջոցների ապօրինի իրացում կատարելու նպատակով հանցավոր կազմակերպության անդամների կողմից ստեղծվել են տարատեսակ թմրամիջոցների ինչպես մանրածախ, այնպես էլ մեծածախ վաճառքով զբաղվող տելեգրամյան շուրջ մեկ տասնյակից ավելի խանութ-հարթակներ»,– ասվում է հաղորդագրությունում։
2023–2024թթ.–ին Իրանի վերոհիշյալ քաղաքացին թմրանյութ է տեղափոխել ՀՀ տարածք` նետելու եղանակով։ Արդյունքում՝ հանցավոր կազմակերպության անդամները և հանցավոր կազմակերպության անդամներ չհանդիսացող անձինք առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր շուրջ 12կգ. քաշով «Մեթամֆետամին», «Մարիխուանա» և «Մեթադոն» տեսակի թմրամիջոցներ են տեղափոխել Իրանից Հայաստան։
Հանցավոր խմբի անդամները կատարել են առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 89 մլն. ՀՀ դրամի լվացում, ինչը կանխիկացվել և տնօրինվել է վերջիններիս կողմից։
2024թ. փետրվարի 17-ին հիշյալ անձինք ձերբակալվել են ՀՀ ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների կողմից, իսկ թմրամիջոցները պարունակող փաթեթները հայտնաբերվել ու վերցվել են քննիչների կողմից դեպքի վայրի զննության ընթացքում, դրանց մի մասն էլ հայտնաբերվել և վերցվել է ՌԴ սահմանապահ զորքերի ծառայողների կողմից՝ ԻԻՀ և ՀՀ պետական սահմանի մոտ։
ԻԻՀ-քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով` hանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը, թմրամիջոցներ ապօրինի իրացնելը և թմրամիջոցների մաքսանենգությունը:
Համապատասխան մեղադրանքներ են ներկայացվել նաև մյուս 8 անձանց, մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: