ԱԺ-ն քննարկեց Գյումրու ճանապարհների վերակառուցման համար ևս 2.7 մլն եվրո ներգրավելու վերաբերյալ համաձայնագիրը

ԱԺ-ն քննարկեց Գյումրու ճանապարհների վերակառուցման համար ևս 2.7 մլն եվրո ներգրավելու վերաբերյալ համաձայնագիրը

Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ ստորագրված վարկային համաձայնագրով վերափոխվել է Գյումրու կենտրոնը, հատկապես՝ լուսավորության եւ ճանապարհների մասով: 2016 թվականին ստորագրված համաձայնագիրն արդյունավետ գործել է, դեռեւս կար 6 մլն եվրո արժողությամբ Գ տրանշը, որը լուսավորությանն է վերաբերում: Իրականացված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ լուսավորության փոփոխությունը, սակայն, նաեւ մալուխային ցանցի փոփոխություն է ենթադրում, սա էլ իր հերթին՝ ճանապարհի վերափոխման, դրան զուգահեռ նաեւ մյուս ենթակառուցվածքների՝ ջրի եւ կոյուղու փոփոխության կարիք է առաջանում: Լրացուցիչ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ լրացուցիչ միջոցների ներգրավման կարիք կա:

Այս մասին հայտնել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ նիստում քննարկման ներկայացնելով ««Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ 2016 թվականի մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 2 համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

«Ոչ թե նախկին աշխատանքների ժամկետն ենք երկարաձգում, դրանք արդեն ավարտված են, այլ երկարաձգում ենք ժամկետը միայն վերջին տրանշի, որը բովանդակային փոփոխություն է կրել՝ ե՛ւ կառուցվածքի, ե՛ւ լրացուցիչ միջոցներ ներգրավելու առումով»,- նշել է զեկուցողն ու տեղեկացրել, որ համաձայնագրով 6 մլն եվրո արդեն իսկ կար նախատեսված, 2,7 մլնի չափով առկա էր խնայողություն, եւ 2,7 մլն լրացուցիչ վարկային ռեսուրս ներգրավելու ու ժամկետը երկարաձգելու կարիք էր առաջացել:

Նախատեսվում է բանկից ներգրավել հավելյալ 2,720.000 եվրոյի չափով վարկ` Գյումրի քաղաքի Անի եւ Ավստրիական թաղամասերի ճանապարհների վերանորոգման եւ լուսավորության ապահովման համար: Վարկի բոլոր տրանշների վերջին հասանելիության ժամկետ է սահմանվել 2028 թվականի ավարտը:

«Ժամանակակից էկոլոգիական լուսավորությունն ամբողջ վարկային  ռեսուրսի եւ ՎԶԵԲ-ի հետ մեր համագործակցության հիմնարար դրույթներից է»,- փաստել է փոխնախարարը:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանի խոսքով համաձայնագրի Ա, Բ եւ Գ տրանշների շրջանակում արդեն հիմնանորոգվել են Գյումրու մի շարք փողոցներ ու հրապարակներ, նորոգվել են ջրահեռացման համակարգերը, արդիականացվել է դրանց արտաքին լուսավորության համակարգը, եւ այժմ լրացուցիչ միջոցներ ներգրավելու անհրաժեշտություն է առաջացել: