ԵԱՏՄ+ տարածքում ստեղծվում է ապրանքահումքային գների գործակալության նախատիպը․ Արտեմև

ԵԱՏՄ+ տարածքում ստեղծվում է ապրանքահումքային գների գործակալության նախատիպը․ Արտեմև
Գների ձևավորման թափանցիկ, բորսային մեխանիզմը թույլ կտա ԵԱՏՄ–ի ներսում վերացնել տարաձայնությունները էներգակիրների գների ձևավորման ժամանակ։
ԵԱՏՄ երկրների բորսաները և շահագրգիռ բիզնեսը ԵԱՏՄ+ տարածքում ստեղծում են ապրանքահումքային գների գործակալության նախատիպը։ Այս մասին Երևանում ընթացող Եվրասիական տնտեսական համաժողովի ժամանակ հայտարարեց Սանկտ Պետերբուրգի ապրանքահումքային բորսայի նախագահ Իգոր Արտեմևը։
Նա հիշեցրեց, որ հունիսին Պետերբուրգի տնտեսական համաժողովում ԵԱՏՄ երկրները (բացի Հայաստանից) և Ուզբեկստանը ստորագրել են հնգակողմ համաձայնագիր, ըստ որի` այդ երկրների բորսաները սկսել են իրենց ինդիկատորները փոխանակել իրական ժամանակի ռեժիմում:
«Միասնական տեղեկատվական տարածքը, որը մենք ստեղծում ենք, ԵԱՏՄ+ գնային գործակալության նախատիպն է, որը մեր ապրանքների գնանշումները կգնահատի Platts–ի կամ Argus–ի գնահատումներից ոչ վատ. չէ՞ որ նրանք մեր տնտեսությունն ավելի լավ չգիտեն, քան մենք»,– ընդգծեց Արտեմևը։
Նրա խոսքով` գների ձևավորման թափանցիկ, բորսային մեխանիզմը թույլ կտա ԵԱՏՄ ներսում վերացնել էներգակիրների գների ձևավորման ժամանակ տարաձայնությունները: Բորսայական մեխանիզմը կկատարի ևս մեկ շատ կարևոր խնդիր՝ այն գրեթե կվերացնի գնագոյացման մենաշնորհները։
«Ես լիովին չեմ հասկանում, թե ինչն է խանգարում բարելավել բորսայական առևտուրը, տեղում առևտուր իրականացնել և երկարաժամկետ պայմանագրեր կնքել։ Ռազմավարական առումով ես այստեղ խնդիր չեմ տեսնում, բայց մենք վատ ենք առաջ շարժվում»,– ավելացրեց նա։
Հիշեցնենք, որ էլեկտրաէներգիայի բորսայական առևտրի ռազմավարությունն արդեն համաձայնեցված է ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի մակարդակով, սակայն գազի և նավթամթերքների վերաբերյալ նման որոշումներ դեռ չեն կայացվել։
Աղբյուրը՝ arm.sputniknews.ru