Հայաստանը կարող է դառնալ կարևոր օղակ Արևմուտքի և Արևելքի միջև. էկոնոմիկայի նախարար

Խաղաղության խաչմերուկ նախագծի շրջանակում Հայաստանը պատրաստ է դառնալ կարեւոր տարանցման օղակ ԵՄ-ի և Իրանի, ինչպես նաև Արևւմուտքի և Արևելքի միջեւ։ Այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը Երեւանում ընթացող երրորդ Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում, Իրանի եւ ԵԱՏՄ-ի համագործակցության մասին պանելային բանավեճում։
Նախարարը հիշեցրել է, որ Հայաստանը ԵԱՏՄ միակ երկիրն է, որն ունի ցամաքային սահման Իրանի հետ։ «Երբ գլոբալ առևտուրը բախվում է բազմաթիվ խնդիրների՝ աշխարհաքաղաքական լարվածությունից մինչև գլոբալ լոգիստիկ խափանումներ, Հայաստանը կարող է դառնալ ինքնատիպ հաբ՝ նպաստելով եվրասիական տարածքում կապերի ընդլայնման խորացմանը։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ ՀՀ և ԻԻՀ առեւտրաշրջանառությունը կազմում է մոտ 700 մլն դոլար, արտահանումն Իրան՝ մոտ 100, ներմուծումը՝ 600 մլն։ Այս թվերը վկայում են տնտեսական հարաբերությունների դրական դինամիկայի մասին երկրների միջև, դրանք ընդգրկում են այնպիսի կարևոր ճյուղեր, ինչպիսին են գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը»,- հիշեցրել է նախարարը։
Նրա խոսքով՝ շատ կարեւոր իրադարձություն դարձավ ԻԻՀ-ի և ԵԱՏՄ-ի միջեւ ազատ առեւտի գոտու ստեղծման համաձայնագրի ստորագրումը, որը ՀՀ-ին ինքնատիպ հնարավորություն կտա արտահանալ մի շարք մթերքներ, ինչպիսին են հանքային ջուրը, շոկոլադը, մեղրը եւ այլն, և մաքսատուրքերի չեղարկումը կամ իջեցումը լուրջ խթան կհանդիսանա Իրան արտահանման համար, ընդ որում՝ այնտեղ աճում է հայկական արտադրանքի պահանջարկը։ Նախարարը փաստել է, որ ղեկավարվելով ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությամբ՝ կողմերը ձգտում են ապրանքաշրջանառությունը հասցնել 1 մլրդ-ի, իսկ ապագայում՝ 3 մլրդ-ի։ «Նպատակը հավակնոտ է։ Դրան հասնելու համար մենք պետք է ավելացնենք տեսականին ևբարելավենք լոգիստիկ ենթակառուցվածքը»,- հիշեցրել է Պապոյանը։
Աղբյուրը՝ news.am
՝