ԵԱՏՄ-ն 2025–ին կոոպերացիոն նախագծերի սուբսիդիաները կավելացնի գրեթե երկու անգամ
Եվրասիական տնտեսական միությունը նախատեսում է 2025 թվականին կոոպերացիոն նախագծերի իրականացման համար սուբսիդիաներն ավելացնել գրեթե երկու անգամ։ Այս մասին այսօր Երևանում լրագրողներին ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Գոհար Բարսեղյանը։
«Մենք միության շրջանակներում կոոպերացիոն նախագծերի իրականացումը սուբսիդավորելու հնարավորություն ենք ստացել միության բյուջեի միջոցների հաշվին։ Այս տարի նախատեսված է 1,8 մլրդ ռուբլի, հաջորդ տարի՝ 3,4 մլրդ ռուբլի»,-ասաց Բարսեղյանը։
Նրա խոսքով՝ նախագիծը պիլոտային է, նախատեսված է 5 տարվա համար, անհրաժեշտ է ընկրությունների մասնակցություն միության առնվազն երեք անդամ պետություններից: Դրա իրականացումն ուղղված է, առաջին հերթին, նոր աշխատատեղերի ստեղծմանը։ Ներկայում աշխատում են նախագծի մեկնարկի ուղղությամբ։
«Հուսով եմ, որ շուտով մենք ԵՏՀ խորհրդի հաստատմանը կներկայացնենք առաջին նախագծերը։ Սա լավ օրինակ կլինի բիզնեսի համար, որպեսզի այն ավելի ակտիվ ներգրավվի այդ մեխանիզմի իրականացման գործում»,-ասաց նախարարը։
Նա պատրաստակամություն հայտնեց ամենօրյա ռեժիմով աշխատել բիզնեսի հետ՝ նոր հնարավորություններ բացելու, շոշափելի արդյունքներ ստանալու համար:
Բարսեղյանը հավելեց, որ նախագիծն իրականացվում է արդյունաբերության 26 ուղղություններով, և այդ առումով հավակնոտ ծրագրեր կան։
Երևանում ընթանում են Եվրասիական տնտեսական համաժողովը և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը: Միջոցառումները կշարունակվեն հոկտեմբերի 1-ին։
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:
Աղբյուրը՝ arm.sputniknews.ru