Եղվարդի օդանավակայանում կայացավ Air Fest V օդային փառատոնը, որը նվիրված է ՀՀ-ում փոքր ավիացիայի զարգացմանն ու նրա ներուժին

Եղվարդի օդանավակայանում տեղի ունեցավ ՀՀ քաղավիացիայի կոմիտեի, «Սքայ ակումբի» և ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի համատեղ ջանքերով կազմակերպված օդային փառատոնը՝ Air Fest V-ը, որը նվիրված է Հայաստանում փոքր ավիացիայի զարգացմանը, նրա ներուժին:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանը նշեց, որ միջոցառումը կազմակերպված էր նախորդից ավելի լավ, քանի որ մասնակիցների ու հանդիսականների քանակն ավելի շատ էր։
«Նման փառատոնները նախատեսում ենք կազմակերպել Հայաստանի տարբեր մարզերում և միջոցառումներն անցկացնել ավելի հետաքրքիր ծրագրերով։ Փոքր ավիացիայի զարգացման համար ՀՀ-ում կան լավ նախադրյալներ։ Նախատեսում ենք իրականացնել զարգացման երկամյա ծրագիր։ Բավականին մեծ պլաններ ունենք, որոնք չեն վերաբերում միայն փոքր օդանավերին։ Ցանկանում ենք ներգրավել նորագույն տեխնոլոգիաներով պատրաստված օդանավեր և ուղղաթիռներ, որոնք կօգտագործվեն ինչպես ներքին, այնպես էլ միջազգային փոխադրումների համար։ Նախատեսում ենք նման միջոցառումների ժամանակ օգտագործել նաև տարատեսակ թռչող սարքեր, որոնց պահանջարկը գնալով մեծանում է»,- ասաց Խաչատրյանը։
Քաղավիացիայի կոմիտեի նախագահը համապատասխան ենթակառուցվածքները բաժանեց երկու խմբի։ Առաջինն ուղղակի առնչություն ունի փոքր ավիացիայի ֆոնդի հետ, մյուսն ընդգրկում է մասնավոր սեկտորը, որի ներկայացուցիչ հանդիսացող բազմաթիվ ձեռներեցներ ցանկանում են կոմերցիոն հիմքերով իրենց ներդրումն ունենալ փոքր ավիացիայի զարգացման գործում, պատրաստ են կատարել մեծ ներդրումներ։ Կոմիտեն նրանց հետ գտնվում է անմիջական կապի մեջ և համագործակցում ընդհանուր ծրագրերը մշակելու համար։ Խաչատրյանը տեղեկացրեց, որ հաջորդ ավիափառատոնը կկայանա Լոռու մարզում։
Միջոցառման կազմակերպիչներից «Սքայ ակումբի» ներկայացուցիչ Ելենա Նալբանդյանն էլ նշեց, որ իրենք և նմանատիպ ակումբները նույնպես շահագրգռված են Հայաստանում փոքր ավիացիայի զարգացմամբ, քանի որ մարդկանց մոտ հետաքրքրությունը դեպի փոքր ավիացիան և օդաչուի մասնագիտությունը գնալով մեծանում է։
«Ընդհանրապես թռչելու մշակույթի զարգացումը մեր գերնպատակն է։ «Սքայ ակումբը» պատրաստ է օգնել մեր քաղաքացիներին, որպեսզի նրանք իրականացնեն թռչելու իրենց երազանքը։ Սա կխթանի նաև զբոսաշրջության զարգացմանը, որովհետև սա ամբողջ աշխարհում կարևորագույն ուղղություններից է։ Մարդիկ մեկնում են տարբեր երկրներ, որպեսզի հնարավորության դեպքում թռչեն պարապլանով, փոքրածավալ ինքնաթիռներով կամ ուղղաթիռներով», - ասաց Նալբանդյանը։
Նա հավելեց, որ միջոցառման ծրագրում ներգրավված ինքնաթիռների մի մասը պատկանում է «Սքայ ակումբին», մյուս մասն էլ Վրաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից և Ռուսաստանից ժամանած հյուրերին։ Արտերկրից Հայաստան են ժամանել արհեստավարժ օդաչուներ, ովքեր պատրաստ են կիսվել իրենց փորձով և հմտություններով։
«Իրականում փոքր ինքնաթիռներն այդքան թանկարժեք չեն։ Դրանք հիմնականում ձեռք ենք բերում արտերկրից։ Միշտ փորձում ենք ավիափառատոնի ժամանակ ավելացնել օդանավերի ու թռչող տարատեսակ սարքերի քանակը։ Օրինակ՝ առաջին ավիափառատոնի ժամանակ օդ բարձրացան ընդամենը երկու ինքնաթիռներ, իսկ այսօր դրանց քանակը շատացել է։ Ակնհայտ է, որ փոքր ավիացիայի նկատմամբ մեզանում հետաքրքրությունը գնալով աճում է։ Մարդիկ զգում են, որ դա արդեն հասանելի է, ծանոթանում են ոլորտին և նրանց ներգրավվածությունը նույնպես նպաստում է ոլորտի զարգացմանը։ «Սքայ ակումբի» ջանքերի շնորհիվ այս միջոցառումն ապրել է հսկայական էվոլյուցիա, լուծվել են շատ խնդիրներ՝ կապված թռիչքների, համապատասխան սարքերի ադապտացման և որակյալ ծառայությունների մատուցման հետ», - ասաց Նալբանդյանը։
Միջոցառման ընթացքում երկնքում հայտնվեցին տարատեսակ թռչող սարքեր՝ ինքնաթիռներ, պարապլաններ, ուղղաթիռներ, օդապարիկներ և դրոններ՝ համալրված օդային շոու ծրագրերով: Փառատոնի մասնակիցները հնարավորություն ունեցան մասնակցելու ժամանցային ծրագրերի ու խաղարկությունների, թռիչքների՝ ուղղաթիռով և պարապլանով: Միջոցառման երաժշտական մասը նույնպես խոստումնալից էր։ Համերգային կատարումներով հանդես եկան Ափո Սահակյանը և «Կաթիլ» բենդը:
Մանվել Մարգարյան