Շիրակի մարզպետարանում քննարկվել է մարզում իրականացվող ծրագրերի ընթացքը

Շիրակի մարզպետարանում քննարկվել է մարզում իրականացվող ծրագրերի ընթացքը
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն անցկացրել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը՝ աշխատակազմի ոլորտային ղեկավարների մասնակցությամբ:
Ինչպես հայտնում են մարզպետի աշխատակազմից, մեկնարկին ոլորտային պատասխանատուները մարզպետին զեկուցել են նախորդ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ, որից հետո անդրադարձ է կատարվել օրակարգային առաջին հարցին, որն առնչվել է մարզում իրականացվող համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի ընթացքին։
 Ըստ այդմ, 2024 թվականին արդեն ֆինանսավորված սուբվենցիոն ծրագրերի թիվը 21-ն է (34 ենթածրագիր)՝ 3 մլրդ 28 մլն դրամի շրջանակում, Կառավարությունը հատկացրել է 1 մլրդ 697 մլն դրամը։ 2023 թվականից տեղափոխված 16 (57 ենթածրագիր) սուբվենցիոն ծրագրերից՝ 10 ծրագիրն ընթացիկ է, 4 ծրագիր ավարտական, 1 ծրագիր փաստաթղթերի ներկայացման և 1 ծրագիր համալիր փորձաքննության փուլում է։ 2024 թվականին ներկայացված 43 (164 ենթածրագիր) սուբվենցիոն ծրագրերից, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 11 մլրդ 67 մլն դրամ, հաստատվել է 23-ը (82 ենթածրագիր)՝ 4 մլրդ 597 մլն դրամ արժողությամբ։ 2025 թվականի համար ներկայացված բոլոր սուբվենցիոն ծրագրային հայտերը հաստատվել են՝ 41 ծրագիր (186 ենթածրագիր), որի ընդհանուր արժեքը կազմում է 13 մլրդ 582մլն դրամ։
 Մուշեղ Մուրադյանը հանձնարարել է շարունակել վերահսկողությունն ու մշտադիտարկման աշխատանքները՝ կարևորելով պետություն-համայնք համագործակցությամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի անխոչընդոտ ու առանց թերացումների իրականացումը։
 Օրակարգային հաջորդ հարցն առնչվել է մարզի համայնքների կողմից 2024թ․ սեփական եկամուտների հավաքագրման ընթացքին։
 «Սեփական եկամուտների հավաքագրումն, իհարկե համայնքների ուղիղ պարտականությունն ու աշխատանքն է, հավաքված գումարներն էլ մնում են համայնքում և ուղղվում համայնքային խնդիրների լուծմանը, սակայն մենք ևս պետք է համայնքապետարաններին աջակցենք այս աշխատանքներում, որպեսզի ցուցանիշների առումով խնդիրներ չունենանք»,- նշել է Շիրակի մարզպետը՝ հանձնարարելով ոլորտային պատասխանատուներին աջակցել համայնքներին իրականացվող աշխատանքներում։
 Աշխատանքային խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել նաև գյուղատնտեսական աշխատանքներին, բերքահավաքին և մարզում իրականացվող սպանդանոցային մորթին, գործող սպանդանոցներին և սպանդանոցային կետերին առնչվող հարցերի։
 Նշվել է, որ Աշոցքի և Ամասիայի բարձրադիր հատվածում շարունակվում է հացահատիկային և հատիկընդեղեն մշակաբույսերի, իսկ Ախուրյան, Արթիկ և Անի համայնքներում կարտոֆիլի և բանջարեղենի բերքահավաքը: Նախնական դիտարկումներով նկատվում է միջին և համախառն բերքի աճ: «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 893-Լ որոշման մեջ կատարվել են լրացումներ և փոփոխություններ՝ շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցների ձեռքբերման նպատակով 2024 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը սուբսիդավորվում է Հայաստանի Հանրապետության դրամով տրամադրվող լիզինգի 12, արտարժույթով տրամադրվող լիզինգի 7 տոկոսային կետը, եթե ձեռք բերվող շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցները շահագործվելու են Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից տրամադրված ցանկում ներառված բնակավայրերի տարածքներում:
 Օրակարգային հաջորդ հարցով քննարկվել է մարզպետի աշխատակազմի ենթակայության առողջապահական կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեությանն առնչվող հարցեր։ Մարզպետի հանձնարարությամբ աշխատակազմի ենթակայության առողջապահական հաստատություններում ֆինանսատնտեսական գործունեության վերլուծություն կատարելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որն իրականացնելու է մշտադիտարկում և յուրաքանչյուր այցելության արդյունքների վերաբերյալ ներկայացնելու է ամփոփ տեղեկատվություն։
 Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև վարժական հավաքների կազմակերպմանը։ 2024 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 25-ը ներառյալ անցկացվող վարժական հավաքների շրջանակում օգոստոս ամսին հայտարարված զորակոչին՝ մարզին ներկայացված պահանջարկը կատարվել է 100 տոկոսով։
 Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ընթացիկ աշխատանքային այլ հարցեր ևս, որից հետո տրվել են նոր հանձնարարականներ: