ՎԶԵԲ-ը ներկայացրել է Հայաստանի տնտեսական աճի նոր կանխատեսումը
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը վերանայել է տնտեսական աճի կանխատեսումները այն տարածաշրջաններում, որտեղ ներդրումներ է կատարում:
Հայաստանի ՀՆԱ-ի աճն այս տարեվերջին կկազմի 6,2%, իսկ հաջորդ տարի աճի տեմպը կնվազի մինչև 4,8%։ Այս տվյալները 2024 թվականի մայիսին ներկայացված կանխատեսումների հետ նույնական են։
Ըստ ՎԶԵԲ-ի, տարածաշրջանում աշխարհաքաղաքական զարգացումները շարունակում են տնտեսական աճի համար սպառնալիք դառնալ․ Բաքվի հետ բանակցությունների հավանական դրական արդյունքը կարող է նոր հնարավորություններ ստեղծել։
Ֆինանսական իրավիճակը, ըստ Բանկի, մնում է կայուն, և 2025 թվականին ոսկու նոր հանքավայրի շահագործումը լրացուցիչ խթան կհաղորդի երկրի տնտեսությանը։
Զեկույցն ուսումնասիրում է նաև առանձին երկրների նավթի և գազի ծախսերը: Վերլուծությունը ցույց է տալիս նկատելի տարբերություններ։ Օրինակ, Հայաստանը շարունակում է բնական գազի համար վճարել նույն ցածր գինը, ինչ 2021 թվականին՝ իր գործող պայմանագրի պատճառով, մինչդեռ Ուկրաինան, Սլովենիան, Խորվաթիան և Հյուսիսային Մակեդոնիան զգալիորեն ավելի շատ են վճարում։