Կառավարությունը խրախուսել է հերթական ներդրումային ծրագրերը

Կառավարությունը խրախուսել է հերթական ներդրումային ծրագրերը

Կառավարության որոշումներով «Գուավա», «Վ-Սանկ» և «Սի Էն Սի Մետալ Մանուֆակթուրինգ» ընկերությունները գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում կօգտվեն ներմուծման մաքսատուրքից ազատվելու արտոնությունից:

«Գուավա» ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել հագուստի արտադրության համար՝ իրականացնելով 100 մլն դրամի ներդրում հումքի և սարքավորումների ձեռքբերման և արտադրամասի վերանորոգման համար։ Ներկայումս առկա է 30 աշխատատեղ 150 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակում՝ մինչև 2027 թ. նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 40-ի՝ 200 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 29.8 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 2.4 մլն դրամ:

«Վ-Սանկ»-ը ներմուծվող ապրանքներով նախատեսում է կառուցել ջրի վերաշրջանառության համակարգով, հոսքագծային, ամբողջովին ավտոմատացված ավտոլվացման ժամանակակից կայանների ցանց։ Ծրագրի առաջին փուլում նախատեսվում է կառուցել թվով 3 ավտոլվացման կայան։ Արդեն իսկ իրականացվել է շուրջ 1.8 մլրդ դրամի ներդրում, որից սեփական դրամական միջոցները կազմում են 150 մլն դրամ, հիմնական միջոցները 650 մլն դրամ և լիզինգ/վարկային միջոցներ 1 մլրդ դրամ։ Իրականացված ներդրումներով կառուցվել է ԱՊՀ տարածաշրջանում ամենամեծ ավտոլվացման համալիրը: Այս պահին արդեն ներմուծվել են թվով չորս Wash Tec սարքավորումներ։ Ներդրումները ունեն հետևյալ բաշխվածությունը՝ 650 մլն դրամ՝ հիմնական միջոցներ (տարածք, շենք-շինություն) 700 մլն դրամ՝ սարքավորումներ, 70 մլն դրամ՝ տարածքի ասֆալտապատում, 100 մլն դրամ՝ բետոնային հատակ, 280 մլն դրամ՝ շինարարական և վերանորոգման աշխատանքներ։ Նախատեսվող ներդրումների ամբողջ ծրագրի նախահաշվային արժեքը կազմելու է ավելի քան 5.6 մլրդ դրամ։ Ամբողջ ծրագրի իրականացման համար ներդրումները ունենալու են հետևյալ բաշխվածությունը՝ 2.4 մլրդ դրամ սարքավորումների ձեռքբերման համար, 2 մլրդ դրամ կայանների կառուցման համար, 1.2 մլրդ դրամ՝ Green Care հատուկ նյութերի ձեռքբերման համար։ Ծրագրի առաջին փուլում նախատեսվում է կառուցել թվով 3 ավտոլվացման կայաններ։ Ներկայումս առկա է 10 աշխատատեղ՝ 150 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով, այն նախատեսվում է հասցնել մինչև 55-ի՝ 180 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 627 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 45.7 մլն դրամ։

«Սի Էն Սի Մետալ Մանուֆակթուրինգ»-ը ներմուծվող սարքավորումները նախատեսում է օգտագործել մետաղների մեխանիկական մշակման համար՝ թվածրագրային հաստոցների միջոցով։ Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 120.9 մլն դրամի ներդրում ցանկում ներկայացված, ինչպես նաև այլ սարքավորումների ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 16 աշխատատեղ՝ 167 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Մինչև 2029 թ. աշխատատեղերի թիվը նախատեսվում է հասցնել՝ 21-ի՝ 216 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 95.4 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 5.9 մլն դրամ։