Խաչիկ գյուղում կանցկացվի գաթայի փառատոնը

Խաչիկ գյուղում կանցկացվի գաթայի փառատոնը

2 տարվա ընդմիջումից հետո ՀՀ Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղում կրկին պատրաստվում են գաթայի փառատոնին, որի ժամանակ մի շարք տարբեր միջոցառումներ են անցկացվելու։

«Արենի» փառատոնի համահիմնադիր–տնօրեն Նունե Մանուկյանը նշեց, որ ամենամյա փառատոնն այս տարի համընկնելու է երկրի անկախության օրվա հետ։

«Սեպտեմբերի 21-ին` ՀՀ անկախության օրը, Խաչիկ գյուղում կարևոր իրադարձություն է լինելու` նշվելու է գաթայի ամենամյա փառատոնը։ Կարծում եմ` խորհրդանշական է, որ այդ օրն է լինելու, քանի որ Հայաստանը սկսվում է սահմաններից։ Կարելի է մասնակցել այդ փառատոնին ու միաժամանակ նշել նաև ՀՀ անկախության օրը։ Թխվելու է ամենամեծ գաթան, տարեցտարի մենք փորձում ենք նախորդ տարվանը գերազանցել և գրանցել դրանք Դյուցազնագրքում», – ասաց Մանուկյանը։

«Արփա» բնապահպանական հիմնադրամի տնօրեն Արուս Ներսիսյանն էլ ընդգծեց` այս տարի սպասվում է, որ 4–մետրանոց գաթա է թխվելու, դրա մեջ մետաղադրամներ են թաքնված լինելու։ Այսպիսով` բոլոր այցելուները, որոնք կփորձեն այդ գաթայից մի կտոր, կկարողանան իրենց հետ տանել հաջողության մետաղադրամները։
Փառատոնի շրջանակում նաև պարի ու երգի խմբեր են լինելու, ելույթ են ունենալու «Գաթա» բենդը, Վարդան Բադալյանը, Սոնա Շահգելդյանը, համայնքի փոքրիկներն էլ պարեր են ներկայացնելու։ Վարպետաց դասեր նույնպես իրականացվելու են` կավագործություն, տիկնիկագործություն, այցելուներին սովորեցնելու են նաև գաթա և լավաշ թխել հենց թոնրի մեջ։

«Այցելուները կկարողանան անվանական գաթաներ թխել ու տանել իրենց հետ։ Մեր փառատոնի մասնակիցները նաև կարող են այդ օրն այցելել «Առաստամուղ» գավառագիտական թանգարան (կարելի է տեսնել Խաչիկ գյուղի միակ Աստվածաշունչը, ղաուրմա քանդելու, կարպետ հյուսելու, խմոր կտրելու, հացը հանելու գործիքներ, կավե կժեր և 1000–ից ավելի այլ իրեր), հուշանվերների ցուցահանդես–վաճառք նույնպես լինելու է։ Ծրագիրը հագեցած է լինելու», – ասաց Ներսիսյանը։

Նշեց` ընդհանուր առմամբ ավելի քան 40 տաղավար է լինելու, այդ թվում` գինու։

Արենիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գևորգ Սիմոնյանն էլ շեշտեց` այս տարի համայնքի բոլոր 9 բնակավայրերում միջոցառումներ են անցկացվելու, ու դրանք շարունակվելու են մինչև հոկտեմբեր։

«Գուցե ժողովրդի կողմից այս ամենն այդքան էլ լավ չդիտարկվի, բայց սահմանին կանգնած մարդն իրավունք ունի գոնե մեկ օր լիցքաթափվելու, հյուրեր ընդունելու։ Գաթայի փառատոնը մեր ամենաքաղցր փառատոնն է, տարբեր միջուկներով են լինելու գաթաները։ Մեր բնակիչներն էլ հյուրերի համար անակնկալներ են պատրաստել», – ասաց Սիմոնյանը։

Նա շեշտեց` նախատեսվում է, որ փառատոնը մի քանի հազար այցելու կունենա։

Փառատոնը մեկնարկելու է ժամը 12։00-ից, իսկ ամենամեծ գաթան կտրվելու է ժամը 16։00-ին։ Միջոցառումը շարունակվելու է մինչև 19։30։

Հիշեցնենք, որ նախկինում ամենամեծ գաթան թխվել է 2017 թվականին` 3 մ 17 սմ տրամագծով։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru