Երևանի հեղեղատար համակարգը լուրջ վերակառուցման անհրաժեշտություն ունի
Երևանն ունի անկատար, թերի կառուցված ջրահեռացման համակարգ, և լուրջ վերակառուցման անհրաժեշտություն կա։
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը նշել է. «Շատ հատվածներում այլևս չի բավարարում թողունակությունը։ Վարդանանց ստորգետնյա անցումում նոր էին փոխարինվել պոմպերը, այնտեղ պոմպային համակարգ է աշխատում, ինչպես շատ ստորգետնյա անցումներում։ Այս հեղեղումների ժամանակ շատ էին բերվածքները։ Բոլոր հետևանքները վերացվել են, բոլոր անցումները՝ մաքրվել։ Այսօր կքանդեն բոլոր հորերը, կմաքրեն պոմպերը, որ խցանվել էին բերվածքներից։ Բայց հիմնական պատճառը մեր թողունակության պակասն է, թերի կառուցված լինելը, որ այլևս չի բավարարում քաղաքին»:
Երևանի քաղաքապետարանի հրապարակած տեղեկատվությամբ, Երևանում առկա հեղեղատար համակարգն արդեն իսկ ամբողջությամբ գույքագրվել է, և այս շաբաթ կառավարությունում այդ թեմայով քննարկում է լինելու.
- Մաշտոցի պողոտայի շենքերը նախատեսվում է ապահովել գեղարվեստական լուսավորությամբ. իրականացվում են գույքագրման աշխատանքներ:
- Երևանի սանմաքրման հավաքակայանը կհամալրվի ևս 6 նոր հատուկ տեխնիկայով: Մեքենաներն արդեն Հայաստանում են:
- «Ակտիվ քաղաքացի» հարթակով անցած կիսամյակում ստացվել է 15016 հայտ, որից 5447-ը անմիջապես հարթակի, 9569-ը 1-05 հեռախոսահամարի միջոցով է փոխանցվել: Չկատարված հանձնարարականների թիվն այս պահին 109-ն է, որից 57-ն ավարտական փուլում է:
- GIS համակարգում տեսանելի կդառնա նաև Երևանում առկա ինքնակամ շինությունների տեղադիրքը: Այն հնարավորություն կտա ըստ խտության, մասնավորապես բնակելի տների առումով, հասկանալ թաղամասային ինչ առաջնահերթություններով անդրադառնալ դրանց օրինականացմանը:
- Երևանի փողոցների անվանումները հուշող ու բազմաբնակարան շենքերի վրա համապատասխան հասցեների առկայությունն ապահովող ցուցանակները տեղադրվում են նոր՝ միանման ձևավորմամբ: Կենտրոն վարչական շրջանում արդեն իսկ տեղադրվել են 26 թուջե ձուլվածքով ուղեցույց ցուցանակներ, իսկ շենքերի համարակալման՝ 15:
- Ընթացիկ տարում Երևանում անցկացվել և արդիականացվել է 20 կմ ոռոգման նոր համակարգ: Տնտեսումների հաշվին՝ լրացուցիչ ծրագրով աշնանը ցանցը կընդլայնվի ևս 5 կմ-ով: