Քննարկվել է ցածր ածխածնային զարգացման ոլորտում հայ-չինական համագործակցության հնարավորությունը
Լոռու մարզպետի տեղակալը և Լոռու մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետը Չինաստանում մասնակցել են ամենամյա «Էներգիայի ցածրածխածնային զարգացման ֆորումին»։ Ֆորումն այս տարի կրել է «Էներգիա․ նոր արտադրողական ուժ՝ հանուն մաքուր և գեղեցիկ աշխարհի» խորագիրը:
Միջոցառումը բարձրաստիճան երկխոսության, գիտատեխնոլոգիական նվաճումների ներկայացման և էներգետիկ ոլորտում միջազգային համագործակցության հարթակ է, որտեղ այս տարի քննարկվել են ցածր ածխածնային տնտեսության զարգացման, վնասակար արտանետումների նվազեցման հետ կապված հարցեր:
Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը ելույթում կարևորել է միջոցառումը համագործակցության և փորձի փոխանակաման տեսանկյունից:
- Մենք վստահ ենք, որ Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցությունը ցածր ածխածնային զարգացման ոլորտում հսկայական ներուժ ունի։ Չինաստանն այս ոլորտում տեխնոլոգիաների և նորարարությունների համաշխարհային առաջատարն է, և Լոռու մարզպետի աշխատակազմը համատեղ աշխատանքով մեծ հեռանկարներ է տեսնում նոր նախագծեր և նախաձեռնություններ իրականացնելու համար,- ասել է մարզպետի տեղակալը և վերահաստատել մարզի ակտիվ համագործակցության պատրաստակամությունը:
Լոռու մարզի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՉԺՀ Շանսի նահանգի կոմունիստական կուսակցության նահանգային վարչության ղեկավարի հետ, նոր համագործակցության քննարկումներ ծավալել առևտրատնտեսական տարբեր գործունեություններ ծավալող ընկերությունների ներկայացուցիչների հետ:
Քննարկվել են Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի և Շանսի նահանգի Յունչեն քաղաքի համագործակցության վերականգնման հետ կապված հարցեր: