Հայաստանի անշարժ գույքի շուկայում ակտիվությունը նվազել է

Հայաստանի անշարժ գույքի առաջնային շուկայում ակտիվության նվազում կա՝ կապված Երևանում եկամտահարկի վերադարձի դադարեցումից հետո առաջացող անորոշության հետ։ Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խորհրդի նախագահ Արթուր Մնացականյան ասում ՝ այն մարդիկ, որոնք ցանկանում էին մայրաքաղաքում անշարժ գույք ձեռք բերել եկամտահարկի վերադարձով, հիմնականում արել են դա։
Այս պահին առկա պասիվությունը նաև նրա պատճառով է, որ շատ մարդիկ չգիտեն, թե ինչ է լինելու 2025-2026թթ․, դրա համար, այսպես ասած, սպասում են։
«Քանի որ կառուցապատման այն նախագծերը, որոնք սկսել են 3 տարի առաջ, իրենց մոդելում չէին նախատեսել, որ կարող է եկամտահարկի վերադարձը հանվի, հիմա ստիպված են լինելու ընտրել այլ ճանապարհներ ֆինանսական բացը լրացնելու համար։ Դա կարող է արտահայտվել զեղչերով, երբեմն տարաժամկետ վճարումներով»,- նշել է նա։
Մնացականյանի կանխատեսումներով՝ 2025-ից հետո, այնուամենայնիվ, նորակառույցներում բնակարանների դեֆիցիտ է լինելու. շուկայից դուրս կմնան այն կառուցապատողները, որոնք իրենց միջոցներով չէին կառուցում: Այնպես որ, ըստ նրա, անշարժ գույք գնելու ճիշտ ժամանակն է, և շուկայում շատ գրավիչ տարբերակներ կարող են լինել:
Ոլորտի մասնագետները նաև կանխատեսում են, որ առաջիկա երկու տարիներին ակտիվանալու է Երևանին հարակից բնակավայրերում անշարժ գույքի շուկան, քանի որ մարդիկ եկամտահարկի վերադարձի հնարավորությունից օգտվելու համար Երևանից դուրս են գալու և տեղափոխվեն, օրինակ, Նոր Հաճն, Չարենցավան և այլն։