ԱՐՄԵՆՊՐԵՍ. Եվրահանձնաժողովի փոխնախագահը հույս ունի, որ ՀՀ քաղաքացիները շուտով կկարողանան առանց վիզայի ճամփորդել դեպի Եվրոպա

ԱՐՄԵՆՊՐԵՍ. Եվրահանձնաժողովի փոխնախագահը հույս ունի, որ ՀՀ քաղաքացիները շուտով կկարողանան առանց վիզայի ճամփորդել դեպի Եվրոպա

Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասի դիտարկմամբ՝ Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի մեկնարկը կարևոր ուղենիշ է կողմերի միջև հարաբերություններում, սակայն դա ոչ թե ինչ-որ մեկուսացած նախաձեռնություն է, այլ ավելի լայն նախաձեռնությունների մաս է՝ ուղղված երկրի տնտեսության մեջ ներդրումներ կատարելուն, տնտեսական դիմակայունությանը, անվտանգության ու խաղաղության պահպանմանը:   

Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահն այս մասին ասել է «Արմենպրես»-ին տված հարցազրույցում։ 

Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական կենսակերպի խթանման հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասը Հայաստան էր այցելել սեպտեմբերի 9-ին՝ Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը տալու համար։ 

Սխինասը հարցազրույցում ամփոփել է Հայաստան կատարած այցի արդյունքները, խոսել է վիզաների ազատականացման շուրջ Հայաստանի հետ երկխոսության մեկնարկի, ՀՀ-ի և ԵՄ-ի միջև առկա համագործակցության ծրագրերի վերաբերյալ:  

- Պարոն Սխինաս, ինչպե՞ս կամփոփեք Հայաստանում ունեցած Ձեր հանդիպումների արդյունքները:  

- Ուրախ էի, որ կարողացա հանդիպել Հայաստանի քաղաքական ղեկավարությանը՝ նախագահի, վարչապետի, արտաքին գործերի նախարարի և ամենակարևորը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ միասին  քաղաքական մակարդակով սկսել մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացը։ Սա կարևոր ուղենիշ է Եվրոպական միության և Հայաստանի միջև հարաբերություններում, բայց սա անջատ  նախաձեռնություն չէ, այն ավելի լայն նախաձեռնությունների մի մասն է, որը մենք մշակում ենք ԱՄՆ-ի հետ միասին 270 միլիոն եվրոյի չափով՝ աջակցելու Հայաստանին տնտեսության մեջ ներդրումներ կատարելու և դիմակայունության նոր ծրագրի միջոցով: Նախաձեռնությունների մի մասն է, որը նաև աջակցում է Հայաստանին խաղաղության և անվտանգության համար։ Հայաստանում մենք ունենք ԵՄ-ի կարևոր առաքելություն՝ աջակցելու սահմանների վերահսկողության հարցում։ Խաղաղության եվրոպական գործիքակազմի  միջոցով մենք տրամադրում ենք նաև աջակցություն Հայաստանի զինված ուժերին։ Բայց, իհարկե, վերջնական ցանկալի գործողությունը մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացն է, որը մենք սկսում ենք: Կարծում եմ, որ այս օրը կհիշվի որպես գործընթացի մեկնարկի  օր, որը, հուսով եմ՝ շուտով կհանգեցնի նրան, որ բոլոր հայերն առանց արտոնագրի անհրաժեշտության կարճատև այցերի համար կկարողանան ազատ ճանապարհորդել դեպի Եվրոպա: 

- Ձեր կարծիքով՝ այդ հանդիպումներն արդյունավե՞տ էին։ 

- Այո, կարծում եմ, որ դրանք շատ արդյունավետ էին, քանի որ ըստ իս՝ այս այցի քաղաքական ժամկետները շատ տեղին են։ Հուլիսի 22-ին մենք ունեցանք արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստ, որը սկիզբ դրեց այս բոլոր նոր հաջողության պատմություններին, և ես այն կարծիքին եմ, որ քաղաքականության մեջ պետք է երկաթը տաք-տաք ծեծել: Այսպիսով, ես  այստեղ եմ՝ ընդգծելու այս հաջողությունների կարևորությունը: Մուտքի արտոնագրերի ազատականացում և, իհարկե, նոր աջակցություն Հայաստանի զինված ուժերին՝ Եվրոպական խաղաղության գործիքակազմի  միջոցով․ սրանք կարևոր ուղենիշներ են, որոնց հիմքում ընկած է նաև այն կարևոր հարթությունը, որ Հայաստանն այժմ ի հայտ է գալիս որպես կայունության և բանականության աղբյուր՝ աշխարհաքաղաքականորեն շատ բուռն տարածաշրջանում: Մենք ուս ուսի տված կկանգնենք Հայաստանի կողքին՝ օգնելու նրան շարունակել իրականացնել իր առաքելությունը:

- Ինչպես նշեցիք, Ձեր այցի հիմնական նպատակը վիզայի ռեժիմի ազատականացման երկխոսության մեկնարկն է։ Բացատրեք, խնդրեմ, թե ի՞նչ է իրենից ենթադրում այս երկխոսությունը և ինչպե՞ս այն կարող է բարելավել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կյանքը:

- Այո, կարծում եմ, որ Դուք շատ ճիշտ եք այս հարցը տալիս, քանի որ մենք այժմ գտնվում ենք մի գործընթացի առաջին փուլում, որը, հուսով եմ, շուտով կհանգեցնի բոլոր հայերի համար դեպի Եվրոպական միություն առանց մուտքի արտոնագրի պահանջի մուտքի: Ինչո՞ւ ենք հիմա գտնվում այս գործընթացում, քանի որ անցյալ տարի հուլիսին մեր անդամ երկրները Եվրոպական հանձնաժողովին լիազորել են սկսել այս գործընթացը: Գործընթացը  դյուրին  չէր, տեղի չունեցավ ինքնաբերաբար, բայց ի վերջո կայացավ: Այսպիսով, այժմ ունենք կանաչ լույս: Մենք հիմա մտնում ենք այս գործընթացի իրականացման փուլ, որը պետք է լուծի այնպիսի կոնկրետ խնդիրներ, ինչպիսիք են ճամփորդական փաստաթղթերի անվտանգությունը, կոռուպցիայի խնդիրները, կազմակերպված հանցավորության դեմ պայքարը, օրենքի գերակայությունը: Մենք պետք է համոզվենք, որ առանց մուտքի արտոնագրի ճանապարհորդության շուրջ ամեն ինչ ապահով և անվտանգ է: Այսպիսով, մենք այժմ կներգրավվենք տեխնիկական մակարդակով այս հարցերը կարգավորելու գործում, և այս գործընթացի ավարտին մենք կվերադառնանք մեր անդամ երկրներին՝ հասնելու վերջնական համաձայնագրին: Դա ճանապարհի վերջը չէ, բայց երբեք ճանապարհի վերջ չի լինի, քանի դեռ մենք չունենք այն սկիզբը, որն այսօր էր:

Ավելին`   armenpress.am