Ակտիվություն Շիրակի մարզում՝ համառոտ
Ձեզ ենք ներկայացնում տեղեկատվություն Շիրակի մարզում աշխատանքների մասին՝ համաձայն մարզպետի աշխատակազմի հրապարակումների․
- Մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները հետևել են Ամասիա համայնքի Բերդաշեն բնակավայրերում կառուցվող դպրոցի մոդուլային շենքի շինարարական աշխատանքների ընթացքին։ «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» ծրագրի շրջանակներում դպրոցի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են։
- Դիտարկվել են Բավրայի կրթահամալիրի նոր սկսված աշխատանքները։ 144 տեղ հզորությամբ կրթահամալիրը կառուցվում է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում։ Շինաշխատանքներն իրականացնում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը։
- Դիտարկվել են «Աշոցք համայնքի Թորոսգյուղ բնակավայրի 1-ին փողոցի և Բավրա բնակավայրի 6-րդ փողոցի սալարկում» սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքները։ 2024-ի սուբվենցիոն այս ծրագրի ընդհանուր արժեքը 47 մլն 290 հազար դրամ է, գումարի 70 տոկոսը Կառավարությունն է փոխհատուցելու։
- Մարզպետի տեղակալները համայնքապետի հետ հետևել են «Աշոցք համայնքի Բավրա, Զույգաղբյուր, Ղազանչի և Կարմրավան բնակավայրերի բնական գազի ներքին ցանցի կառուցում» սուբվենցիոն ծրագրով Կարմրավան բնակավայրում մեկնարկած աշխատանքներին։ Սուբվենցիոն ծրագրով 4 բնակավայրերում իրականացվող աշխատանքների ընդհանուր արժեքը 56 մլն 825 հազար դրամ է, որից 60 տոկոս պետությունն է հատկացնելու։
- Ծանոթացել են Աշոցքի հրապարակում իրականացվող աշխատանքների ընթացքին, Թավշուտի ոռոգման ցանցի շինաշխատանքներին։
- Սուբվենցիոն ծրագրերի դիտարկումից զատ, մարզպետի տեղակալները հետևել են նաև Մ-1, Երևան-Գյումրի-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 160+200-կմ171+700 հատվածում իրականացվող հիմնանորոգման աշխատանքներին։
- 11.5կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհահատվածն ընդգրկում է Աշոցքն ու հասնում Բավրա (սահմանային անցակետ)։ Ծրագրի պայմանագրային արժեքը շուրջ 2 մլրդ 338 մլն դրամ է։ Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ։ Հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են 2023 թվականին։ Ասֆալտապատումից հետո ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով։ Աշխատանքները շուտով կավարտվեն։