Հացահատիկային ապրանքների համաշխարհային արտադրությունը հասել է 2023 թվականի մակարդակին

ՊԳԿ-ն նաեւ ճշգրտել է հացահատիկային ապրանքների համաշխարհային արտադրության 2024 թվականի կանխատեսումները` սահմանելով 2 851 միլիոն տոննա, որը գրեթե համարժեք է 2023 թվականի ցուցանիշին։
Հացահատիկային ապրանքների առաջարկի եւ պահանջարկի ամփոփագիրը, որը, նույնպես, ուրբաթ օրն է թողարկվել, փոփոխությունները վերագրել է կերային հատիկեղենի, այդ թվում՝ եգիպտացորենի բերքահավաքի ակնկալիքների նվազմանը՝ գլխավորապես պայմանավորված ԵՄ-ում, Մեքսիկայում եւ Ուկրաինայում տաք եւ չոր եղանակային պայմաններով: Միեւնույն ժամանակ, ՊԳԿ-ն բարձրացրել է ցորենի եւ բրնձի համաշխարհային արտադրության իր կանխատեսումները 2024 թվականի համար, որն, ըստ այդմ՝ կհասնի պատմական ամենաբարձր մակարդակին՝ 537 միլիոն տոննայի:
Հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային սպառումը կանխատեսվում է, որ կավելանա մինչեւ 2 852 միլիոն տոննա՝ արտացոլելով 2023- 2024 թթ. ցուցանիշի համեմատ 0.2 տոկոսի աճ։ Բրնձի սպառումը կանխատեսվում է, որ կհասնի ռեկորդային բարձր մակարդակի, ինչը պայմանավորված է սննդամթերքի սպառման բաղադրիչի ակնկալվող արագացված աճով:
Հացահատիկային ապրանքների համաշխարհային պաշարները 2025 թվականի սեզոնների ավարտին, ըստ կանխատեսումների, կավելանան 1.2 տոկոսով՝ գրեթե անփոփոխ պահելով 2024-25 թթ. հացահատիկային ապրանքների օգտագործման համար պատրաստ համաշխարհային պաշարների մթերաբաժինը՝ 30.7 տոկոս։
Հացահատիկային ապրանքների միջազգային առեւտուրը ներկայում 485.6 միլիոն տոննա է՝ 2023-2024 թթ. ցուցանիշից 3.3 տոկոսով ցածր, որտեղ շարքը գլխավորում է վաճառքի ցածր ծավալներ գրանցած կերային հատիկեղենը։