Օրենսդրական նախաձեռնություններ. ներդրումային ֆոնդերի ոլորտում կձևավորվի արդար և հավասար կարգավորման դաշտ

Կառավարության հավանությանն են արժանացել «Ներդրումային ֆոնդերի մասին» և հարակից մի շարք օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերը:
Նախագծերի ընդունման արդյունքում ներդրումային ֆոնդերի ոլորտում կձևավորվի արդար և հավասար կարգավորման դաշտ, կհստակեցվեն ոչ հրապարակային ֆոնդերի ստեղծման, հետագա գործունեության և լուծարման ընթացակարգերը:
Կսահմանվեն միջազգային լավագույն փորձին համապատասխան ոչ հրապարակային ֆոնդերի կառավարիչների ստեղծման և գործունեության պայմանները: Կներդրվեն ներդրողների շահերի պաշտպանության անհրաժեշտ նվազագույն պայմանները՝ բավարար ճկունություն տալով ֆոնդերի կառավարման հարցում և հաշվի առնելով ֆոնդերի տարբեր տեսակների առանձնահատկությունները:
Միևնույն ժամանակ վերահսկող մարմինը հնարավորություն կունենա իր գործիքակազմի կիրառմամբ իրականացնել ոչ հրապարակային ֆոնդերի և դրանց կառավարիչների նկատմամբ արդյունավետ վերահսկողություն՝ նվազեցնելով առկա և հնարավոր ռիսկերը, ինչպես նաև նորմատիվ իրավական ակտեր ընդունելու միջոցով սահմանել լրացուցիչ պահանջներ ոչ հրապարակային ֆոնդերի և դրանց կառավարիչների նկատմամբ՝ ներդրողների շահերի պաշտպանության, ֆինանսական կայունության ապահովման և տարաբնույթ այլ ռիսկերի զսպման նպատակով: Այս ամենը կնպաստի ներդրումային ֆոնդերի ոլորտի զարգացման համար անհրաժեշտ նախապայմանների ստեղծմանը:
Հավանություն է տրվել նաև «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին, որի նպատակը նավթ-նավթամթերքներ ենթախմբերում ներառված ապրանքատեսակների մասով ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ըստ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԱՏԳ ԱԱ) ծածկագրերի հստակեցումն է, ինչպես նաև ԱՏԳ ԱԱ 3811 (նյութեր, հավելանյութեր) և 3819 00 000 0 (արգելակման, հիդրավլիկ, և այլ հեղուկներ) ծածկագրերին դասվող ապրանքներն ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքատեսակների ցանկում ներառելն ու ակցիզային հարկով հարկելն է։