BRICS-ի բանկը խրախուսում է տեղական արժույթներով վճարումներ անելը
BRICS երկրների կողմից ստեղծված Զարգացման նոր բանկը խաղադրույք է անում տեղական արժույթների օգտագործման մեծացման վրա՝ ապահովելու համաշխարհային տնտեսության կայուն զարգացումը: Կառավարիչների խորհրդի լիագումար նիստի բացման ժամանակ այս մասին հայտարարել է բանկի նախագահ Դիլմա Ռուսեֆը:
«Ամերիկյան դոլարը հաճախ ապակայունացնող դեր է խաղում զարգացող երկրների ֆինանսական շուկաներում»,- նշել է նա: Բանկի ընդհանուր ֆինանսավորումը կլինի տեղական արժույթներով:
Ռուսեֆն ասել է, որ բանկն այժմ ուսումնասիրում է տարբեր երկրների միջև վճարումների համար թվային հարթակներ ստեղծելու հնարավորությունը:
«Տեղական արժույթների օգտագործման ավելացումը կնպաստի զարգացող երկրների հզորացմանը և համաշխարհային ֆինանսական շուկայի ընդհանուր կայունացմանը»,- ընդգծել է BRICS ԶՆԲ նախագահը:
Հիշեցնենք՝ Զարգացման նոր բանկը ստեղծվել է BRICS երկրների կողմից 2014 թվականի հուլիսին Բրազիլիայում կայացած VI գագաթնաժողովում: Բանկի անդամ է ութ երկիր՝ Բանգլադեշը, Բրազիլիան, Եգիպտոսը, Հնդկաստանը, Չինաստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Ռուսաստանը և Հարավային Աֆրիկան: Բանկի նպատակն է ֆինանսավորել ենթակառուցվածքային նախագծերը և կայուն զարգացման նախագծերը BRICS երկրներում և զարգացող երկրներում: Բանկն ունի 100 միլիարդ դոլար սեփական կապիտալ:
Աղբյուրը` 24.am