SPUTNIK Արմենիա. Առանց ոսկու վերարտահանման կունենանք ոչ թե աճ, այլ 11 % անկում. Թավադյան

ՀՀ արտահանումը 2024 թ. 1–ին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, ըստ պաշտոնական տվյալների` աճել է 90 տոկոսով, և ունենք մոտ 7.7 % տնտեսական աճ։ Մինչդեռ իրականությունն այլ է։ Այդ մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում «Հայաստանի տնտեսությունը 2024 թ. առաջին կիսամյակում ԵԱՏՄ անդամակցության համատեքստում» հետազոտությունների արդյունքները ներկայացնելիս ասաց տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Աղասի Թավադյանը։
«Իրականությունը մի քիչ այլ է. 2024 թվականի վերջին տվյալների համաձայն` ՀՀ արտահանման ծավալը (2024 թ. հունիսը 2023 թ. հունիսի համեմատ) կազմել է 13 մլրդ ԱՄՆ դոլար։ Արտահանման 62 տոկոսը կազմել են թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն ու մետաղները։ Եթե հանենք այս ցուցանիշը, ապա մենք ոչ թե ունենք 90 տոկոսով աճ, այլ 11 տոկոսով անկում», – ընդգծեց Թավադյանը։
«ՀՀ արտաքին առևտրի աշխարհագրական կառուցվածքը էականորեն փոխվել է՝ Ռուսաստանի դերի մեծացմամբ որպես ներմուծման աղբյուր և Մերձավոր Արևելքի ու Չինաստանի՝ որպես արտահանման ուղղություններ», – ընդգծեց նա:
Ըստ Թավադյանի` Հայաստանի կայուն տնտեսական զարգացումն ապահովելու համար անհրաժեշտ է մշակել ռազմավարություններ՝ ուղղված տնտեսության դիվերսիֆիկացմանը և վերաարտահանման գործառնություններից կախվածության նվազեցմանը:
Այդ իմաստով, նրա խոսքով` նշանակալի դեր է խաղում ԵԱՏՄ անդամակցությունը, և Հայաստանը պետք է օգտագործի ինտեգրման առավելությունները տնտեսության տարբեր ոլորտներում աճը խթանելու համար՝ միաժամանակ աշխատելով այլ երկրների և տարածաշրջանների հետ առևտրային հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ: