ՏԿԵ փոխնախարարն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Վյաչեսլավ Պավլովսկու գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հաղորդում են ՀՀ ՏԿԵ նախարարությունից։
Պատվիրակության կազմում էին նաև «Հարավկովկասյան երկաթուղու» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ և ՀԿԵ ՓԲԸ, ինչպես նաև ՌԴ դեսպանատան ներկայացուցիչներ։
ՏԿԵ նախարարությունում կայացած հանդիպման մեկնարկին նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Վյաչեսլավ Պավլովսկուն՝ մայիսին Դեբեդ գետի վարարման հետևանքով վնասված երկաթուղու աշխատանքն արագ վերականգնելու հարցում երկաթուղայինների կատարած պրոֆեսիոնալ աշխատանքի համար։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Կոնցեսիոն պայմանագրի մեջ մի շարք փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցեր, խոսվել է երկաթուղու աշխատանքի բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացման անհրաժեշտության մասին, համաձայնեցվել են մի շարք դրույթներ։