ՌԴ ներգաղթի որևէ սահմանափակում չի վերաբերվի ԵԱՏՄ երկրներին. ԵՏՀ պաշտոնյա

ՌԴ ներգաղթի որևէ սահմանափակում չի վերաբերվի ԵԱՏՄ երկրներին. ԵՏՀ պաշտոնյա

ՌԴ ներգաղթի ոչ մի հնարավոր սահմանափակում չի ազդի ԵԱՏՄ երկրների քաղաքացիների վրա։ Այս մասին ԵՏՀ մամուլի ծառայության «Եվրասիական փոդքասթ»-ին տված հարցազրույցում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության դեպարտամենտի տնօրեն Ալթինայ Օմուրբեկովան։

Օգոստոսի վերջին ՌԴ Պետդուման նախատեսում է քննարկել մի շարք նախաձեռնություններ, որոնք վերաբերում են օտարերկրացիների աշխատանքային գործունեության սահմանափակումներին, նրանց համար հարկման բարձրացմանը, ինչպես նաև երկրում նրանց գտնվելու ժամկետների սահմանափակմանը: Այս կապակցությամբ Օմուրբեկովան հիշեցրել է, որ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի համաձայն` յուրաքանչյուր մասնակից երկիր պարտավոր է ԵԱՏՄ այլ երկրների աշխատողներին տրամադրել նույնպիսի իրավունքներ, ինչպես իր քաղաքացիներին:
ԵԱՏՄ գործընկերներն ազատված են ներգաղթի քվոտաներից, նրանցից աշխատանքի թույլտվություն չեն պահանջում և չեն ենթարկում ազգային աշխատաշուկան պաշտպանելու համար կիրառվող այլ սահմանափակումների: Բացառություն են կազմում միայն ռազմավարական նշանակության ճյուղերը։ Բացի այդ, ԵԱՏՄ երկրները ճանաչում են միմյանց բարձրագույն և մասնագիտական կրթության դիպլոմները (բացառությամբ բժշկության և դեղագործության)։ Օմուրբեկովան նաև հիշեցրել է, որ արդեն ստորագրվել է գիտական աստիճանների փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիր:

ԵԱՏՄ երկրների աշխատողներն ընդունող երկրում օգտվում են սոցիալական ապահովության ամբողջական փաթեթից, ներառյալ՝ ժամանակավոր անաշխատունակության, մայրության և պարտադիր բժշկական ապահովագրությունը արտադրական վնասվածքների դեպքում սոցիալական ապահովագրությունը: Պարտադիր բժշկական ապահովագրությունն առայժմ գործում է Ռուսաստանում, Ղազախստանում և Ղրղզստանում, սակայն շուտով ուժի մեջ կմտնի նաև Հայաստանում:

Օմուրբեկովան նաև նշել է, որ ԵԱՏՄ երկրների քաղաքացիները միության ցանկացած երկրում առանց գրանցման կարող են գտնվել մինչև 30 օր, իսկ 90 օրվա ընթացքում գտնել աշխատանք և կնքել աշխատանքային պայմանագիր: Պայմանագրի վաղաժամկետ դադարեցման դեպքում նրանք ունեն ևս 15 օր՝ նոր աշխատանք փնտրելու համար: Վերջերս ԵԱՏՄ երկրների քաղաքացիներին իրավունք է տրվել փոխել երկիր մուտք գործելու նպատակը (օրինակ՝ զբոսաշրջայինից աշխատանքային) առանց երկրից դուրս գալու և կրկին մուտք գործելու:

Բացի այդ, «Աշխատանք առանց սահմանների» ծրագիրը թույլ է տալիս ԵԱՏՄ երկրներից պոտենցիալ միգրանտներին նույնիսկ նախքան մուտք գործելը ծանոթանալ միության այլ երկրներում առկա թափուր աշխատատեղերին: Պաշտոնական տվյալներով՝ 2023 թվականին ԵԱՏՄ երկրների մոտ 1 մլն քաղաքացիներ տեղաշարժվել են միության ներսում, ընդ որում ՝ նրանց 85 %-ը բաժին է ընկել Ռուսաստանին։

Աղբյուրը`   armenia.sputniknews.am