GIZ–ի կողմից իրականացվող ԷԿՈսերվ ծրագրի շրջանակում բարելավվել է 542 հա վարելահող և 100 հա արոտավայր
Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող ԷԿՈսերվ ծրագրի արոտավայրերի կայուն կառավարման և պարենային անվտանգության բաղադրիչի շրջանակում բարելավվել է 542 հա վարելահող և 100 հա արոտավայր: Այս մասին տեղեկացնում են Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունից։
Պարենի և կերային մշակաբույսերի միջոցով բարելավվել են ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան և ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքների տարիներ շարունակ չօգտագործվող վարելահողերը: Արդյունքում համայնքների բնակիչները հնարավորություն են ստացել ունենալ լրացուցիչ եկամուտ՝ հացահատիկի և անասնակերի տեսքով:
Վերոնշյալ գործողությունները համահունչ են ՀՀ կառավարության կողմից ընդունված մի շարք ռազմավարություններին և ծրագրերին, ինչպիսիք են պարենային անվտանգության ռազմավարությունը, բուսաբուծության աջակցության ծրագիրը և գյուղատնտեսության ոլորտում կլիմայի հարմարվողականությանն ուղղված գործողությունների միջոցառումները:
Արոտավայրերի և վարելահողերի բարելավումը նպաստում է կենսաբազմազանության պահպանությանը, հողի առողջության բարելավմանը, շրջակա միջավայրի պահպանությանը՝ միևնույն ժամանակ նպաստելով պարենային անվտանգությանը և եկամուտների ավելացմանը: