«Շանհայ-2024» էքսպոյին Հայաստանը մասնակցելու է երկու տաղավարով՝ ազգային և կոմերցիոն
Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդը ներկայացրեց 2024 թվականի նոյեմբեր ամսին Չինաստանում կայանալիք ամենախոշոր ներմուծման և արտահանման էքսպոյի նախապատրաստական աշխատանքներն՝ անդրադառնալով նաև տարեվերջին սպասվելիք և 2025 թվականին բիզնեսի աջակցմանն առնչվող ծրագրերին, ինչպես նաև հակիրճ ներկայացրեց բարեգործական ծրագրերը։
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանը տեղեկացրեց, որ նոյեմբերի 5-10-ն անցկացվելիք «Շանհայ-2024» էքսպոն անցկացվելու է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի բաձր հովանու ներքո։ «Ցուցահանդեսին մասնակցելու են 158 երկրներ։
Սա լավագույն միջոցն է համապատասխան հայտ ներկայացնելու համար, ինչի շնորհիվ Հայաստանը կարող է զարգացնել իր տնտեսությունը և լինել մրցունակ միջազգային շուկաներում։ Հայաստանը մասնակցելու է երկու տաղավարով՝ ազգային և կոմերցիոն։ Առաջինում ներկայացվելու է մեր տնտեսությունը, ռազմավարությունը, պետականությունը, իսկ մյուսում ընկերությունները կարող են կնքել պայմանագրեր միջազգային գործընկերների հետ, ներկայացնել իրենց արտադրանքը և ունենալ վաճառք։ Ցուցահանդեսը տալիս է բազմաթիվ հնարավորություններ՝ տեղում բանակցելու և հանդիպելու չինական խոշոր մատակարարող ընկերությունների հետ։
Հենց միայն ցուցահանդեսի մակերեսը խոսում է շատ բանի մասին, այն կազմում է 367 հազար քառակուսի մետր։ Ակնկալվում են մեծ թվով այցելուներ։ Անցյալ տարի ցուցահանդեսն ունեցել է օրական 250 հազար այցելու։ Հայկական տաղավարը լինելու է միասնական, որտեղ հայաստանյան ընկերությունները հնարավորություն կունենան մասնակիորեն ներկայացնել իրենց արտադրանքի նմուշները»,- մանրամասնեց Մանուկյանը։
Ավելին՝ armenpress.am