Կարապետ Հովհաննիսյան. Հրազդանի կիրճում փողոց դուրս եկած կոյուղին դեռ ընդամենը սկիզբն է

«Հրազդանի կիրճում փողոց դուրս եկած կոյուղին դեռ ընդամենը սկիզբն է…
Առաջիկա 7-10 տարիների ընթացքում, չի բացառվում, որ տվյալ օրվա իշխանությունները ստիպված լինեն նոր մայրաքաղաք հիմնելու. Երևանում հասունացող ենթակառուցվածքային խնդիրների լուծման անհնարինությունը կարող է հանգեցնել նման քայլի»,- ֆեյսբուքյան էջում գրել է փորձագետ Կարապետ Հովհաննիսյանը:
Նա, մասնավորապես, մատնանշել է բնակֆոնդի ավելացմանը զուգահեռ ենթակառույցների հզորությունները չմեծացնելու հանգամանքը՝ անանցանելի խցանված փողոցներ, աղբահանության անհնարինություն, ջրամատակարարման քայքայված ցանց, էլեկտրամատարարման, գազամատակարարման ցանցերի, կոյուղատարերի ոչ բավարար հզորությունները:
«Ու այս ամենը «անքարտեզ ստորգետնյա սարդոստայնի» առկայության պայմաններում, երբ ոչ մի շինարար մոտ չի գա որևէ մագիստրալի փոխման աշխատանքի , եթե մոտ էլ գա արժեքն այնքան թանկ կլինի, որ անհասկանալի է ով կվճարի»։
Հիշեցնենք, որ երեկ Հրազդանի կիրճում վթարվել էր կոյուղատար համակարգը։