ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել Շառլ Ազնավուրին և Երվանդ Քոչարին նվիրված արծաթե հուշադրամներ

ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել Շառլ Ազնավուրին և Երվանդ Քոչարին նվիրված արծաթե հուշադրամներ

ՀՀ կենտրոնական բանկը 2024 թվականի օգոստոսի 15-ին շրջանառության մեջ է դնում «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» և «Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակ» արծաթե հուշադրամները: Այս մասին տեղեկացնում են  ԿԲ-ից։  

Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամ

Դիմերես՝ Շառլ Ազնավուրին շնորհված Հայրենիքի շքանշանը՝ հավերժության նշանի ֆոնին:  Դարձերես՝ Շառլ Ազնավուրի դիմապատկերը` հավերժության նշանի ֆոնին, Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության դրոշների միաձուլվող պատկեր:

Էսքիզների հեղինակ՝ Հարություն Սամուելյան

Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը                1000 դրամ
Մետաղը/հարգը                        արծաթ 9250
Քաշը                                        33,6 գ
Տրամագիծը                              40,0 մմ
Որակը                                      պրուֆ
Դրամաշուրթը                           ատամնավոր
Թողարկման քանակը               1000 հատ
Թողարկման տարեթիվը            2024 

Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակին նվիրված հուշադրամ

Դիմերես՝ Երվանդ Քոչարի «Մելինեի դիմանկարը» գեղանկարը (1930 թ.) և «Էրեբունի-Երևան» տարածանկարը (1968 թ.):
Դարձերես՝ Երվանդ Քոչարի դիմապատկերը, դրվագ «Պատերազմի արհավիրքը» կտավից (1962 թ.) և «Մելամաղձություն» քանդակը (1959 թ.):

Էսքիզների հեղինակ՝ Կարեն Մելիքյան:

Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը                1000 դրամ
Մետաղը/հարգը                        արծաթ 9250
Քաշը                                        28,28 գ
Չափը                                       28,0 x 40,0 մմ
Որակը                                      լավացված
Դրամաշուրթը                           հարթ
Թողարկման քանակը               500 հատ
Թողարկման տարեթիվը            2024

Ծանուցում

Հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաև դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով: 

Ինչպես ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն անվանական արժեք, որով և ներկայանում են որպես վճարամիջոց: Սակայն հուշադրամների անվանական արժեքը շատ ավելի ցածր է ինքնարժեքից, որը բաղկացած է հուշադրամի պատրաստման համար օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրության և այլ ծախսերից: Ցածր անվանական արժեքն ու բարձր ինքնարժեքը հնարավորություն են տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թե որպես դրամաշրջանառության մեջ օգտագործվող վճարամիջոց, այլ որպես հավաքորդական առարկա: Հուշադրամներն ունեն նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վաճառքի գին:

Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով և չեն վերաթողարկվում: 

Դրամագետները, հավաքորդներն ու պարզապես ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է բանկի ներսում և բաց է բոլորի համար: