Գեղարքունիքի որոշ գյուղերում ջրի հասանելիության լրջագույն խնդիր կա
Հայաստանի Հանրապետության վրա Ադրբեջանի զինված հարձակումներից հետո Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրեր դեռ ունեն ջրային ռեսուրսների հասանելիության լրջագույն խնդիրներ։
«ԼՂ հակամարտության և Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ Ադրբեջանի զինված հարձակումների հետևանքով, Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա, Կութ, Նորաբակ, Ազատ, Տրետուք, Կուտական և Սոթք բնակավայրերի ջրաղբյուրները հայտնվել են թշնամու նշանառության տակ և վերոնշյալ բնակավայրերը ունեն ջրային ռեսուրսների հասանելիության լրջագույն խնդիրներ»,– ասվում է հարցման պատասխանում։
Ավելի վաղ մարզի բնակավայրերում խմելու ջրի խնդրի մասին բարձրաձայնել էր նաև այն ժամանակվա ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Նա հայտնել էր, որ ադրբեջանական զինված ծառայողները, ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելով, տեղակայվել են նաև ջրավազանների ու բնական աղբյուրների մոտակայքում, իսկ առանձին դեպքերում դրանք հայտնվել են ադրբեջանական բացահայտ անօրինական տիրապետության ներքո:
Նշենք, որ ՀՀ Գեղարքունիքի մարզն ընդգրկում է 5 խոշորացված համայնք` Գավառ, Մարտունի, Սևան, Վարդենիս և Ճամբարակ, որոնց կազմում են 93 բնակավայրեր:
Մարզպետարանից պնդում են, որ մարզի գերակշռող մասը (Գավառ,Մարտունի,Վարդենիս համայնքներ) հարուստ է խմելու ջրի որակի ստորերկրյա խորքային և աղբյուրների ջրերով:
«Մարզի ընդհանուր հաստատված պաշարները կազմում են 8000լ/վ, որից աղբյուրներինը` 4835լ/վ, ստորգետնյան` 3165լ/վ: Մարզի 5 քաղաքային և 15 գյուղական բնակավայրերում ջրամատակարարման և ջրահեռացման սպասարկումը իրականացվում է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից՝ ընկերության 5 տարածքային տեղամասերի միջոցով: Մարզի մնացած բնակավայրերում իրականացվում է ինքնուրույն ջրամատակարարման ծառայություն»,– ասված է մարզպետարանի պատասխանում։
Նշվում է նաև, որ կենտրոնացված (խողովակով) խմելու ջրի մատակարարման համակարգեր գործում են մարզի 5 քաղաքային և 86 գյուղական բնակավայրերում։ Նախատեսվում է նաև մարզի Աստղաձոր և Արգիճի գետերի վրա կառուցել ջրամբարներ:
Բացի այդ, 2023 թվականին մարզում իրականացվել են 597,640 մլն դրամի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի բարելավմանն ուղղված աշխատանքներ:
Աղբյուրը՝ arm.sputniknews.ru