Քննարկվել են Լոռու մարզի ամբուլատորիաների վերանորոգման և բուժսարքավորումներով վերազինման հնարավորությունները

Քննարկվել են Լոռու մարզի ամբուլատորիաների վերանորոգման և բուժսարքավորումներով վերազինման հնարավորությունները
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն օգոստոսի 6-ին ընդունել է ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի ղեկավար Արման Վալեսյանին և ծրագրի ենթակառուցվածքների վերականգնման փորձագետ Արմեն Պեպանյանին։ Այս մասին տեղեկացնում են Լառու մարզպետի աշխատակազմից։
Հանդիպմանը ներկա են եղել նաև Լոռու մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը, ծրագրերի մշակման և իրականացման բաժնի գլխավոր մասնագետ Անի Բաղդասարյանը։
Ողջունելով հյուրերին՝ մարզպետն իր երախտագիտությունն է հայտնել ՄԱԶԾ ներկայացուցիչներին մարզի զարգացմանն ուղղված տարբեր ծրագրեր իրականացնելու պատրաստակամության համար և նշել, որ Լոռու մարզպետի աշխատակազմն իր լիազորությունների և իրավասությունների շրջանակում պատրաստակամ է աջակցելու:
Արման Վալեսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և մարզի ղեկավարին է ներկայացրել «Կայուն համայնքներ» ծրագիրը, որի գլխավոր նպատակն է խթանել Հայաստանի համայնքներում կայուն տնտեսական զարգացումը և օգնել հաղթահարելու մարտահրավերները։ Ծրագրի շրջանակներում հանրապետության մի շարք համայնքներում իրականացվում են ենթակառուցվածքների զարգացմանն ու աշխատատեղերի ստեղծմանն ուղղված ծրագրեր։
Կողմերը քննարկել են մարզում գործող մի քանի ամբուլատորիաների՝ ծրագրի շրջանակներում վերանորոգման և բուժսարքավորումներով վերազինման հնարավորությունները։
Անդրադարձ է կատարվել նաև մարզում սոցիալական տան կոնցեպտի ներդրման հնարավորություններին։