«Գազպրոմ Արմենիան» ավարտել է Լոռու մարզում աղետից վնասված գազատարների վերականգնումը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Լոռու գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի (ԳԳՄ) կողմից ամբողջությամբ վերականգնվել են գազաբաշխման ցանցի գազատարները, որոնք վնասվել էին մայիսի 26-ին տեղի ունեցած գետերի վարարման արդյունքում ստեղծված աղետի հետևանքով։ Այս մասին տեղեկացնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից։
Լոռու ԳԳՄ Թումանյանի տարածքային տեղամասի (ՏՏ) սպասարկման գոտում վնասվել էին միջին և ցածր ճնշման գազատարներ Ալավերդի, Ախթալա քաղաքներում, Հաղպատ, Քարկոպ և Նեղոց բնակավայրերում։
Թումանյանի ՏՏ պետի տեղակալ Արթուր Իսրայելյանի տվյալներով, վթարավերականգնողական աշխատանքները մեկնարկել էին մայիսի 27-ին, ընդհանուր առմամբ վերականգնվել է շուրջ 5000 գծամետր գազատար։
Աշխատանքներին ներգրավված էր ավելի քան 85 մարդ Լոռու ԳԳՄ բոլոր տարածքային տեղամասերից, սեղմ ժամկետներում տեղափոխվեց 15 միավոր անհրաժեշտ շինարարական տեխնիկա։
Որոշ հատվածներում կառուցվել են ժամանակավոր գազատարներ, որոնք կվերատեղադրվեն վարարումներից վնասված ճանապարհային ենթակառուցվածքի վերականգնումից հետո։