GIZ-ը աջակցում է Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի և ստարտափ մշակույթի զարգացմանը
Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունն (GIZ) աջակցում է Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի և ստարտափ մշակույթի զարգացմանը:
Տեսնելով Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի շարունակական աճն ու նորարարությունը՝ մենք ուրախ ենք, որ աջակցել ենք Հայաստանում «Սևան ստարտափ սամմիթ 2024» իրականացմանը: Այս մասին Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը հայտնել է ֆեյսբուքի էջում։
Մասնավորապես, «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում, ստարտափ ոլորտի միջազգային փորձագետ Տակ Լոն հրավիրված էր մասնակից ստարտափների համար վարելու համապարփակ վերապատրաստման դասընթացներ:
Ութ արդյունավետ դասընթացների ընթացքում Տակ Լոն տրամադրեց համապատասխան խորհրդատվություն, մենթորություն և ուղղորդում՝ հիմնվելով ոլորտում իր լայնածավալ փորձի վրա: Այս աջակցությունը կօգնի ստարտափներին բարելավել իրենց ռազմավարությունները, հստակեցնել իրենց ելույթները և ստանալ արժեքավոր հմտություններ:
Տակ Լոն վարեց նաև ստարտափների ելույթների մրցույթ՝ օգնելով ստարտափներն ավելի պատրաստված ներկայանալ պոտենցիալ ներդրողներին: Նրա փորձառությունն ու մենթորությունն էականորեն օգնեցին մասնակիցներին հաղթահարել ստարտափների ոլորտի մի շարք մարտահրավերներ և ընդառաջ գնալ հաջողությանը: