ԱՌԿԱ. Թոփ 5 ոլորտներ 2024թ․–ին ներդրումներ կատարելու համար

ԱՌԿԱ. Թոփ 5 ոլորտներ 2024թ․–ին ներդրումներ կատարելու համար

Ֆինանսական շուկան դինամիկ միջավայր է, որը ենթակա է ներքին և արտաքին գործընթացների ազդեցության: Սա բարդացնում է ներդրումների համար ոլորտ ընտրելու խնդիրը և միևնույն ժամանակ նյութ է տալիս վերլուծության համար: Դիտարկենք իրավիճակը գնահատելու գործոնները և գտնենք զարգացման հեռանկարային ոլորտները։

Ներդրումային գրավչության գնահատման չափորոշիչները

Ընկերության արժեթղթերի հեռանկարները տարբեր ժամանակահատվածներում տարբեր են: Ոլորտների ներդրումային գրավչությունն ինքնուրույն գնահատելու համար անհրաժեշտ է վերլուծել շուկայական միտումները՝ հիմնվելով մի քանի չափանիշների վրա.

  • Կայուն աճ կամ մոտ ապագայում տեխնոլոգիական առաջընթաց գրանցելու կարողություն։ Նման ոլորտները հետաքրքիր կլինեն գլոբալ շուկայի համար
  •  Օրենսդրության մեջ նախատեսվող փոփոխություններ
  •   Համաշխարհային պահանջարկ։ Ներդրումների համար հեռանկարային են այն ոլորտները, որոնք կապված են գլոբալ պահանջների բավարարման հետ, որտեղ պահանջարկն առաջ է անցնում առաջարկից, ինչպես նաև աճի պոտենցիալ խթաններն ավելի շատ են, քան առաջարկի համա
  • Ժողովրդագրական միտումներ
  •  Ռեցեսիային դիմակայելու կարողություն։ Ծառայությունների և ապրանքների արտադրության հետ կապված ընկերությունները, որոնք կախված չեն (կամ քիչ են կախված) տնտեսական պայմաններից
  •     Վերջին մշակումները, տեխնոլոգիական ձեռքբերումները
  •   Սպառողական վարքագծի դինամիկան
  •    Պետության տնտեսական և քաղաքական վիճակը, որի շուկայում ներկայացված են ոլորտները։ Այսպես, բյուջեի պակասուրդի դեպքում իշխանությունները փնտրում են եկամտի աղբյուր, ինչը կարող է վերածվել մեծ հարկային բեռի ընկերությունների համար։ Պատժամիջոցների պայմանները հաճախ շեշտը տեղափոխում են ներմուծման փոխարինման և արտադրության ընդլայնման վրա 

Այս գործոնների ուսումնասիրությունը կարևոր է ինչպես ընթացիկ իրավիճակի գնահատման, այնպես էլ կանխատեսումների համար։

Բարձր ներդրումային ներուժ ունեցող ոլորտներ 

2024 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով՝ կարելի է առանձնացնել ներդրումների համար շուկայական հինգ առավել գրավիչ ոլորտները։

1․ Տեխնոլոգիաներ

Աճի ներուժը, նորարարությունը, բիզնես ներգրավվածությունը առօրյա կյանքում տեխնոլոգիական ոլորտը դարձնում են ներդրումային օպտիմալ ուղղություն։

Տեխնոլոգիական ոլորտին են վերաբերում ընկերություններ, որոնք աշխատում են ծրագրային և ապարատային ապահովմամբ, էլեկտրոնային, ինտերնետային և այլ ծառայություններով։

Բարձր ակտուալությամբ է առանձնանում բլոքչեյնի ոլորտը։ Բլոքչեյնը ապակենտրոն ցանցերի միջոցով տվյալների պահպանման, ստուգման և փոխանակման տեխնոլոգիա է։

Զգալի մասնաբաժին է զբաղեցնում ռոբոտաշինությունը` 3D մոդելավորումը, սենսորները, 5G–ին, ամպային հաշվարկները և մեքենայական տեսողությունը (մեթոդ, որը թույլ է տսլիս սարքավորմանը տեսնել արտադրական գործընթացը, վերլուծություն կատարել և որոշում ընդունել)։

Քվանտային հաշվարկը նորագույն ուղղություններից է։ Այն խնդիրները լուծում է ատոմների, մոլեկուլների և այլ կառուցվածքների միջոցով, որը թույլ է տալիս սինթեզավորել նոր նյութեր և դեղամիջոցներ։

Հսկայական պահանջարկ ունեն ամպային ռեսուրսները և կիբերանվտանգությունը։ Համաճարակը հանգեցրեց թվային լուծումների սրընթաց աճի, որոնք դարձան առօրյա և գործարար կյանքի մի մասը, այդ թվում` կոմերցիոն և կրթական գործընթացների հիմքը։ Ճգնաժամը նաև հանդես եկավ որպես ցուցիչ, որը բացահայտեց ոլորտի հարմարվողականությունն ու կայունությունը։

Վերջին տարիներին սրընթաց առաջընթաց է գրանցվում արհեստական բանականության և մեքենայական կրթության զարգացման ուղղությամբ։ Մշակվող պրոդուկտներն ու ծառայությունները լայնորեն կիրառվում են տարբեր ոլորտներում՝ առողջապահությունից մինչև ինքնուրույն ղեկավարվող տրանսպորտի արտադրություն։

Կարելի է ուշադրություն դարձնել նաև տան համար անհրաժեշտ տեխնոլոգիաների շուկային։ «Խելացի» մեխանիզմները, ավտոմատացումը, էներգախնայող սարքերը և անվտանգության համակարգերը լայնորեն կիրառվում են սպառողների շրջանում, քանի որ հեշտացնում են կենցաղային գործընթացները և համապատասխանում են էկոլոգիական սկզբունքներին։

Տեխնոլոգիական ընկերությունների գործունեության համընդհանուր պահանջարկը բարձրացնող գործոն է դառնում նրանց մասնակցությունը գլոբալ խնդիրների լուծման հարցում։ Նորարարությունները կլիմայական վնասակար փոփոխությունների կանխարգելման և էկոլոգիապես մաքուր գործիքների ստեղծման ճանապարհ են բացոււմ։

Հնարավոր ռիսկեր 

Տեխնոլոգիաների զարգացման նկատմամբ միջազգային հետաքրքրությունը հանգեցնում է ոչ միայն բացահայտումների, այլև կանոնակարգման խստացման: Կարգավորող մարմիններնս օրենսդրական ճնշում են գործադրում խոշոր տեխնոլոգիական ընկերությունների վրա՝ խստացնելով պահանջները տվյալների պահպանման և գաղտնիության ապահովման նկատմամբ: Կարևոր է նաև հիշել, որ կոնկրետ երկրում ոլորտի զարգացմանը կարող է խոչընդոտել լարված աշխարհաքաղաքական իրավիճակը:

Տեխնոլոգիական ընկերությունների նորարարական մոտեցումը միաժամանակ կապված է հնարավոր առաջընթացի և անկանխատեսելիության հետ: Սակայն նույնիսկ բավականին բարձր անկայունության դեպքում նրանց բաժնետոմսերը համարվում են ամենահեռանկարային ակտիվներից մեկը շուկայում: Շատ ներդրողներ պատրաստ են ռիսկի դիմել՝ ակնկալելով մեծ շահույթ:

Financial Times-ը գրել է արհեստական ​​բանականության բումի մասին և մեջբերել գրաֆիկական պրոցեսորներ մշակող Nvidia ընկերության ցուցանիշները: Ընկերությունն ավելացրել է ավելի քան 1 տրիլիոն դոլարի կապիտալիզացիա 2024 թվականի առաջին երեք ամսվա ընթացքում: Սա եռամսյակի ընթացքում համաշխարհային ֆոնդային շուկաների ընդհանուր աճի մոտ մեկ հինգերորդն է: Իսկ 2024 թվականի հունիսին ընկերության կապիտալիզացիան գերազանցել է 3,34 տրիլիոն դոլարը։ Հատկանշական է նաև, որ գլոբալ հարթակներում առաջատար են կիսահաղորդիչների ոլորտի հետ կապված ճապոնական բաժնետոմսերը։ National Topix ազգային ինդեքսը 2024 թվականին աճել է 16,2%-ով։

2024 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով ներդրումների համար գրավիչ հաջորդ ոլորտներն են` առողջապահությունը, ֆինտեխը, գյուղատնտեսությունը և հեռահաղորդակցությունը։

Վերլուծությունն ամբողջությամբ` arka.am