Արմինֆո. Քաղաքապետարանը կառավարությանն առաջարկել է վերանայել "Վեոլիա Ջուր" ընկերության հետ պայմանագիրը

Քաղաքապետարանը կառավարությանն առաջարկել է վերանայել Հայաստանի ջրային միասնական օպերատորի՝ ֆրանսիական "Վելոլիա Ջուր" ընկերության հետ պայմանագիրը, ինչը թույլ կտա էական ներդրումներ կատարել երկրի ջրային համակարգում: Այդ մասին հուլիսի 24-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
"Այդ գործընթացները քննարկվում են այս պահին, եւ ես վստահ եմ, որ մենք լուծումներ կստանանք արդեն այս տարի", - ընդգծել է նա:
Վկայակոչելով ընկերության հետ ունեցած կոնցեսիոն պայմանագիրը՝ Ավինյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ "Վեոլիա Ջուրը" պարտավոր է տարեկան պետական գանձարանը համալրել 9-10 մլրդ դրամով՝ որպես պետական գույքի օգտագործման վճար: Ընդ որում, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) տարեկան ընդամենը 3-4 մլրդ դրամ է հատկացնում ընկերությանը ներդրումային ծրագրերի իրականացման համար։ Քաղաքապետի ասելով՝ նման գումարը բավարար չէ նույնիսկ մայրաքաղաքում տարիներ շարունակ կուտակված խնդիրները լուծելու համար, էլ չխոսենք ողջ պետության մասին:
"Թող դա չհնչի որպես "Վեոլիա Ջուր"-ի արդարացում։ Քանի որ նրանք իսկապես կարող են ավելի լավ աշխատել: Բայց պետք է հասկանալ, որ ընկերությունը շուրջ 10 մլրդ դրամի լրացուցիչ ներդրումների կարիք ունի։ Իսկ այդ միջոցները նա ուղղում է որպես պետգույքի օգտագործման վճար։ Եվ կառավարության հետ խոսակցություններն այն մասին են, որ այդ վճարումն ուղղվի ներդրումային ծրագրերի իրականացմանը", - պարզաբանել է քաղաքապետը, ընդգծելով, որ Հայաստանի գրեթե ողջ ջրային ենթակառուցվածքը մաշված է։
Աղբյուրը` finport.am