Անան Ոսկանյանը ոլորտային պատասխանատուների հետ այցելել է Ընտանիք և Համայնք բարեգործական հասարակական կազմակերպության Արթիկի կենտրոն

Անան Ոսկանյանը ոլորտային պատասխանատուների հետ այցելել է Ընտանիք և Համայնք բարեգործական հասարակական կազմակերպության Արթիկի կենտրոն
Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արա Սուքիասյանի և ոլորտային պատասխանատուների հետ այցելել է  «Ընտանիք և Համայնք » բարեգործական հասարակական կազմակերպության Արթիկի կենտրոն։
Համայնքի ղեկավարը պատասխանատուների հետ շրջել է կենտրոնում, ծանոթացել աշխատանքին, զրուցել աշխատակիցների հետ։
Կենտրոնի Արթիկի մասնաճյուղի համակարգող Մելիքսեթ Գևորգյանը ներկայացրել է, որ կենտրոնում կարիքավոր ընտանիքների երեխաները ստանում են սնունդ, կազմակերպվում է նրանց ժամանցը, մասնակցում են տարբեր կրթամշակութային միջոցառումների։
Հուլիս ամսվա դրությամբ` ՀԿ-ի Արթիկի կենտրոն է հաճախում 132 երեխա, աշխատակազմն ունի 10 աշխատակից։
Մելիքսեթ Գևորգյանը շնորհակալություն է հայտնել համայնքի ղեկավարին` կենտրոն այցելելու համար` հավելելով, որ Արթիկի համայնքապետարանի և ՀԿ-ի համագործակցությունն օրինակելի է, քանզի հենց Արթիկի համայնքապետարանն է` ի դեմս համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի, անհատույց տրամադրել տարածքն Արթիկի կենտրոնին` գործունեությունն ընդլայնելու և աշխատանքն առավել բարենպաստ պայմաններում իրականացնելու համար։
Համայնքի ղեկավարն, իր հերթին, նշել է, որ Արթիկի համայնքապետարանը պատրաստ է համագործակցել ցանկացած կազմակերպության հետ, որի գործունեությունը նպատակաուղղված կլինի Արթիկ համայնքի զարգացմանը։
Կենտրոն այցելելուց հետո Անան Ոսկանյանն Արա Սուքիասյանի և համայնքապետարանի աշխատակիցների հետ շրջել է Արթիկ քաղաքի Շինարարների փողոցում, զրուցել բնակիչների հետ, պատասխանել նրանց հարցերին, ծանոթացել նրանց խնդիրներին և հուզող հարցերին։