Հայաստանի անշարժ գույքի շուկայում օտարերկրացիների հետ գործարքները մեկ տարում կրճատվել են 21,8%-ով

Հայաստանի անշարժ գույքի շուկայում օտարերկրացիների հետ գործարքները մեկ տարում կրճատվել են 21,8%-ով

Հայաստանում 2024 թ. առաջին կիսամյակում օտարերկրյա քաղաքացիների կողմից կատարվել է անշարժ գույքի առքուվաճառքի 1737 գործարք, ինչը 21,8% - ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից։ Ընդ որում, գործարքների ընդհանուր թվում օտարերկրացիներին բաժին է ընկնում 6,4% (նախորդ տարվա 9,4% դիմաց): Այդ մասին են վկայում ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալները։ 

Ավանդաբար Հայաստանում անշարժ գույք վաճառող օտարերկրացիների թիվը գերազանցում է գնողների թիվը։ Կադաստրային տվյալների համաձայն, առաջին կիսամյակում կատարվել է անշարժ գույքի վաճառքի 1077 գործարք, գնման ՝ 592, առքուվաճառքի՝ 68 գործարք։

Արդյունքում՝ այս տարվա առաջին կիսամյակում օտարերկրացիների կողմից գնվել է 660 անշարժ գույքի օբյեկտ, իսկ վաճառվել է՝ 1 145: Ընդ որում, օտարերկրացիների կողմից գնված անշարժ գույքի առյուծի բաժինը բնակարաններ են՝ 41,7%, որին հաջորդում են հողերը՝ 22,6%, առաանձնատները՝ 18,6%, ավտոտնակները ՝ 10,9%, հասարակական նշանակության շենքերը ՝ 5,6%, իսկ ամենացածր տոկոսը բաժին է ընկնում արտադրական նշանակության շենքերի գնմանը ՝ 0,6%:

Վաճառքի դեպքում հիմնական տեսակարար կշիռը բաժին է ընկնում հողին առնչվող գործարքներին՝ 36,4%, ապա մի փոքր տարբերությամբ հաջորդում են բնակարանները՝ 32,4% եւ առանձնատները՝  25,3%: Փոքր մասը բաժին է ընկնում ավտոտնակների վաճառքին ՝ 3,2%, հասարակական նշանակության շենքերին ՝ 2,4%, իսկ արտադրական նշանակության շենքերին ՝ 0,3%:

Հայաստանում անշարժ գույք առավել ակտիվ են գնում և վաճառում ՌԴ, ԱՄՆ, Իրանի, եվրոպական և ԱՊՀ մի շարք երկրների  քաղաքացիները:

Ալինա Հովհաննիսյան

Աղբյուրը`   finport.am