Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է GIZ կազմակերպության EU4Sevan ծրագրի ներկայացուցիչներին
Հուլիսի 17-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Գերմանական միջազգային համագործակցության (GIZ) կազմակերպության EU4Sevan ծրագրի ներկայացուցիչներին։
Ինչպես տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, հանդիպման նպատակն էր համատեղ քննարկել Գավառ և Մարտունի համայնքներում կոյուղաջրերի մաքրման կայանների նախագծմանն ու կառուցմանը վերաբերող հարցեր։
EU4Sevan ծրագրի ներկայացուցիչները տեղեկացրին, որ ծրագրի շրջանակներում առաջիկայում ավարտին կհասցվեն Գավառ քաղաքի Բարեկամության 42 բազմաբնակարան և Նորատուս բնակավայրի թիվ 1 և թիվ 2 մանկապարտեզների շենքերի կոյուղաջրերի մաքրման համար սեպտիկ հորերի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման աշխատանքները։
Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի և Կարմիրգյուղ բնակավայրի որոշ հատվածների կոյուղաջրերի մաքրման կայանների կառուցման համար անհրաժեշտ հողամասերի ընտրությունից և չափագրումից հետո կմեկնարկի նաև դրանց նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման գործընթացը։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին այցելել Հացառատ թաղամաս և Կարմիրգյուղ բնակավայր, տեղում իրականացնել դիտարկումներ՝ մաքրման կայանների կառուցման նպատակով հողատարածք ընտրելու համար։