Դավիթ Խուդաթյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այցելել է Խոյ համայնք

Այսօր Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանի, Արմավիրի մարզպետի տեղակալ Խաչատուր Մկրտչյանի, մարզպետի աշխատակազմի պատասխանատուների հետ այցելեցի Խոյ համայնք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Դավիթ Խուդաթյանը։
Այցի սկզբում դիտարկեցինք Արագած բնակավայրի մշակույթի տան վերանորոգման աշխատանքները:
Սուբվենցիոն ծրագրերի իրականացման շրջանակներում շարունակվում են մշակույթի տան 2-րդ և 3-րդ հարկերի վերանորոգման և ջեռուցման համակարգի անցկացման աշխատանքները:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 56.5 միլիոն դրամ, որից համայնքի մասնաբաժինը կազմում է 36.7 միլիոն դրամ, իսկ պետության մասնաբաժինը՝ 19.8 միլիոն դրամ:
Հաջորդիվ հետևեցինք Այգեշատ գյուղի Երիտասարդական և Մայիսյան փողոցների ասֆալտապատման սուբվենցիոն ծրագրի ընթացքին, որի արժեքը կազմում է 82.4 միլիոն դրամ, որը ֆինանսավորվելու է 35% կառավարության, և 65% համայնքի համաֆինանսավորմամբ:
Ծրագրի մեկնարկը տրվել է 2024 թվականի հունիսի վերջից, ծրագրի արդյունքում կասֆալտապատվեն Այգեշատ գյուղի Երիտասարդական և Մայիսյան փողոցները՝ 800 մետր երկարությամբ։
Աշխատանքներն ընթացքի մեջ են:
Շրջայցի վերջում այցելեցինք Սբ. Աստվածածին եկեղեցի (Թարգմանչաց վանք, VII դ), որը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով և պետական բյուջեի ֆինանսավորմամբ վերականգնվում է:
Վաղ քրիստոնեական եկեղեցու վերականգնման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2025 թվականի տարեվերջին:
Շինարարական բոլոր օբյեկտներում զրուցեցի շինարարների հետ` կարևորելով շինարարական աշխատանքների որակը, թերությունների շտկումը և նախանշված ժամկետների պահպանումը: