Արմինֆո. Սեկվե՞ստր է սպասվում. Հայկազ Ֆանյանը լույս է սփռում Հայաստանի պետբյուջեի ծրագրման շատ «սպիտակ բծերի» վրա

Արմինֆո. Սեկվե՞ստր է սպասվում. Հայկազ Ֆանյանը լույս է սփռում Հայաստանի պետբյուջեի ծրագրման շատ «սպիտակ բծերի» վրա

2024 թվին հարկային եկամուտների և տուրքերի մասով թերակատարումը կլինի 116.7 մլրդ դրամ, ինչը կազմում է պլանի 4.5%-ը:  Նման եզրակացության է հանգել ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկազ Ֆանյանը՝ վերլուծելով 2025 - 2027թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի հիմքում դրված ցուցանիշները, որը կառավարությունը հաստատել է հուլիսի 4-ին: 

«Երկու օր առաջ կառավարության որոշմամբ ընդունվել է 2025-2027 թթ-ի միջնաժամկետ ծախսային ծրագիրը, որը լույս է սփռում լիքը բաների վրա, այսպես, ըստ ֆիննախի սպասումների՝

1. 2024թ-ի բյուջեի ծախսային մասը կթերակատարվի 88.9 մլրդ դրամով, ինչը կազմում է հաստատված բյուջեի մոտ 2.8%-ը,

2. 2024թ-ին հարկային եկամուտների և տուրքերի մասով թերակատարումը կլինի 116.7 մլրդ դրամ, ինչը կազմում է պլանի 4.5%-ը: Թեև հաշվի առնելով, որ 1-ին կիսամյակի կտրվածքով թերակատարումը կազմել է շուրջ 9%, կարելի է ենթադրել, որ տարեվերջին փաստացին այս սպասվածից ավելի ցածր կլինի,

3. Պետական բյուջեի դեֆիցիտը չի ավելանալու, փոխարենը ընթացիկ և կապիտալ ծախսերը կնվազեցվեն, համապատասխանաբար, 60 մլրդ դրամով և 28.9 մլրդ դրամով, այսինքն այդուհանդերձ, դե ֆակտո սեկվեստր կիրականացվի, անկախ նրանից պաշտոնապես դրա մասին կհայտարարվի թե ոչ․․․

4. 2024թ-ին ՀՆԱ-ի իրական ծավալի աճը սպասվում է 6.3%, 2025թ-ին՝ 5.8%... 

Այս ֆոնին հետաքրքիրը գիտեք ինչն է, որ 2025 թ-ին նախատեսվում է բյուջեի ծախսային մասը հասցնել 3.5 տրիլիոնի, հարկային եկամուտների մասով էլ հավաքագրումները մոտ 2.9 տրիլիոնի, այնինչ այս տարի սպասում են 2.5 տրիլիոն։ Տպավորություն է ստեղծվում, որ ՄԺԾԾ-ն կտրված է մեր իրականությունից և չի արտահայտում գետնի վրայի իրողությունները…», - գրել է  Հայկազ Ֆանյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:

ԱրմԻնֆո-ի թղթակցի այն հարցին, թե՝ եթե որոշում կայացվի սեկվեստր անցկացնելու մասին, "ում" կամ "ինչ" ծրագրերի հաշվին այն կիրականացվի, ACSES վերլուծական կենտրոնի ղեկավարը նշել է, որ  "առաջին «զոհը» կդառնա առողջության համապարփակ ապահովագրության ծրագիրը":

Նշենք, որ 2024 թվականի պետական բյուջեով նախատեսված է շուրջ 18 մլրդ դրամի հատկացում։ Սակայն, ինչպես վերջերս ԱրմԻնֆո-ի հետ հարցազրույցում պատմել է առողջապահության նախարարի խորհրդական Սամվել Խարազյանը, ամենայն հավանականությամբ, համընդհանուր բժշկական ապահովագրության ներդրման գործնական փուլը կհետաձգվի մինչև 2025 թվականը, քանի որ այսօր "Համընդհանուր բժշկական ապահովագրության մասին" ՀՀ օրենքը դեռ չի ընդունվել, չնայած այն բանին, որ փաստաթղթի նախագիծը պատրաստ էր արդեն 2023 թվականի ապրիլին, շրջանառության մեջ է դրվել, և դրա վերաբերյալ ստացվել են մի շարք առաջարկներ: «Իրավական ակտի ընդունման ժամկետների ձգձգումը, հիմնականում, պայմանավորված է արդեն 2024 թվականին շահառուների առաջին խմբի ապահովագրավճարներն ամբողջությամբ սուբսիդավորելու պետական գանձարանի կարողության սահմանմամբ», - հայտարարել է նա:

Ավելին`   finport.am