ՄԱԶԾ-ն Հայաստանում իրականացնում է «Դիմակայունություն ի սկզբանե» ծրագիրը՝ Սերբիայի կառավարության ֆինանսավորմամբ

ՄԱԶԾ-ն Հայաստանում իրականացնում է «Դիմակայունություն ի սկզբանե» ծրագիրը՝ Սերբիայի կառավարության ֆինանսավորմամբ

Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ)՝ ՀՀ-ում Սերբիայի դեսպանության և ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ ձեռնարկում է 1 միլիոն եվրո արժողությամբ նոր՝ «Դիմակայունություն ի սկզբանե» ծրագիրը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ծրագրի շնորհանդեսի ժամանակ նշեց, որ տվյալ միջոցառումը հաստատում  է Հայաստանի ու նրա միջազգային գործընկերների միջև վստահելի համագործակցությունը, ինչպես նաև միջազգային կառույցների կողմից օպերատիվորեն մեր երկրում առկա և շատ դեպքերում հանկարծակի առաջացող խնդիրներին արձագանքելու հանգամանքը։ 

«Շատ կարևոր է, որ ՄԱԶԾ-ն, ունենալով մեծ փորձ ինստիտուցիոնալ աշխատանքների բնագավառում, կարողացել է Սերբիայի կառավարության հետ համատեղ գտնել հնարավորություն՝ օժանդակելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների ինտեգրմանը մեր համայնքներում։ Հատկանշական է, որ նրանք արձագանքել են մեր խնդրանքին այն առումով, որ ծրագրի հիմնական շեշտադրումը ոչ միայն և ոչ այնքան անհատական հումանիտար օժանդակությունն է առանձին սուբյեկտներին, այլ համայնքահեն ունակությունների ընդարձակումը, ինչը կստեղծի բարենպաստ միջավայր մեր հայրենակիցների ինտեգրման համար և ամբողջական ծավալով նրանց ինտեսոցիալ-տնտեսական կենցաղը համայնքներում ապահովելուն։ Ծրագրի բովանդակությունը բազմիցս քննարկել ենք, աշխատանքները համակարգվել են ՀՀ ԱԳՆ-ի գործընկերների հետ, որպեսզի դրանք լինեն ներդաշնակ և համաձայնեցված»,- նշեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը։ 

Նա հույս հայտնեց, որ ծրագրի ներդրման շնորհիվ փախստականները շատ արագ կկարողանան ինտեգրվել ընդունող համայնքներում։ Ըստ նրա՝ հատկացված դրամաշնորհի շրջանակներում նաև ջրհեղեղից առավել տուժած համայնքները կկարողանան վերականգնել կանաչ էներգիայի լուծումներն ու կլիմայական խելացի ջրի կառավարման փորձը։ Տերտերյանի կարծիքով՝ այս ժամանակահատվածում նման օգնությունը առավել քան հասցեական է, քանի որ տևական ժամանակ անց կարձանագրվեն շոշափելի դրական փոփոխություններ։ 

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդգծեց օրվա խորհուրդը, քանի որ Հայաստանը նշում է Սերբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, հետևաբար տվյալ միջոցառումը լավագույն դրսևորումն է հայ և սերբ ժողովուրդների դարավոր բարեկամության։ 

«Այս ծրագիրը կարևոր նշանակություն ունի Հայաստանում հումանիտար մարտահրավերները հասցեագրելու հարցում, որոնք շարունակում են առաջնային տեղ գրավել ՀՀ կառավարության ծագրի մեջ։ ԱԳՆ-ն նույնպես հանձնառու է աջակցելու նման ծրագրերի իրականացմանը»,- ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը։   

ՀՀ-ում Սերբիայի արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչն ասաց, որ իր երկրի կողմից Հայաստանին տրվող օգնությունն ընդգծում է Սերբիայի՝ որպես Հայաստանի զարգացման գործընկերոջ նոր դերը և ըստ էության երկու ժողովուրդների միջև ամուր կապերի, խորը արմատացած համերաշխության և բարեկամության իսկական արտացոլումն է։ 

«Սերբիան միշտ համերաշխ է եղել Հայաստանի հետ, ինչպես դա անում է այսօր, երբ մենք նշում ենք նաև մեկ այլ կարևոր իրադարձություն՝ մեր երկու երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակը, մինչդեռ մարդասիրական օգնությունը նշանակալից հանգրվան է մեր գործընկերության մեջ։ Այս առումով, մենք շատ հպարտ ենք Սերբիայի Հանրապետության կառավարության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Հայաստանի Հանրապետության կառավարության հետ համագործակցությամբ», - ասաց դիվանագետը։

Հայաստանում ՄԱԶԾ մշտական ​​ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին իր հերթին շնորհակալություն հայտնեց Սերբիայի կառավարությանը՝ հատկացված ֆինանսավորման համար և բարձր գնահատեց Հայաստանի կառավարության հետ բոլոր մակարդակներում հաջողված գործընկերությունը։ 

«ՄԱԶԾ առաքելության հիմքում է կայուն զարգացմանն ուղղված մեր անսասան հանձնառությունը՝ չթողնելով ոչ ոքի ետևում: Մեր գործունեությունն ուղղված է ընդունող համայնքների և փախստական կանանց և երիտասարդների զորեղացմանը, նրանց ձայնն ավելի լսելի դարձնելուն, և առաջնորդության հնարավորություններ ստեղծելուն՝ խթանելու ներառական աճը և ամրապնդելու հասարակության համախմբվածությունը։ Բացի այդ, մենք հանդես կգանք ջրի և կանաչ էներգիայի ինտեգրված լուծումներով: Մենք կաջակցենք հեղեղներից տուժած համայնքներին՝ ապահովելով այդքան անհրաժեշտ օգնություն և վերականգնում, խթանելով դիմակայունություն յուրաքանչյուր համայնքում, որտեղ մենք աշխատում ենք»,- նշեց Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչը:

Այս ծրագիրը նպատակ ունի հասցեագրել Հայաստանում ընդունող համայնքների և փախստականների կարիքները, ներառյալ վերջերս աղետի հետևանքով տուժած համայնքները, և առաջարկել մի շարք երկարաժամկետ լուծումներ՝ աջակցելու հասարակության համախմբվածությանը, մասնավորապես` ներդրումներ կատարելով կանանց և երիտասարդների զորեղացման, տեղական մակարդակում ծառայությունների մատուցման նորարարական մոդելների և ջրային ու «կանաչ» էներգետիկ լուծումների մեջ: Ծրագիրը ֆինանսավորվել է Սերբիայի կառավարության կողմից և իրականացվելու է ՄԱԶԾ-ի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ։

ՄԱԶԾ-ն կհամագործակցի համայնքների հետ, ներառյալ հեղեղից տուժածները, և խոցելի համարվող երիտասարդներին և կանանց կներգրավի հանրային տարածքի վերափոխման համատեղ նախագծման, իրականացման և մոնիտորինգի գործընթացներում: Սա վերջիններիս մոտ կմեծացնի պատկանելության զգացումը, կնպաստի հասարակության համախմբվածությանը և ինտեգրմանը` լուծումները հարմարեցնելով համայնքների առաջնահերթ կարիքներին:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ սերտ համագործակցությամբ՝ ՄԱԶԾ-ն ապահովելու է շարժական հիբրիդային արևային համակարգերի ներդրումն էներգիայի անխափան հասանելիության համար, և Հայաստանի գյուղական համայնքներում ոռոգման հնարավորություններ ստեղծելուն՝ առավելագույնի հասցնելու ջրային և հողային ռեսուրսների արդյունավետությունը: Առաջարկվող միջամտությունները կներառեն նաև խելացի կլիմայական, փոքրածավալ ջրի պահեստավորման ենթակառուցվածքներ և բաշխիչ ցանցեր, որոնք կնպաստեն հասարակության համախմբվածությանը՝ ոռոգման հավասար հասանելիության միջոցով, և կամրապնդեն տեղի բնակչության կենսամակարդակը:

Մանվել Մարգարյան