էկոնոմիկայի նախարարն այցելել է Տաշիր համայնքում գործող մի շարք ընկերություններ

էկոնոմիկայի նախարարն այցելել է Տաշիր համայնքում գործող մի շարք ընկերություններ

Հուլիսի 4-ին նախարար Գևորգ Պապոյանն այցելել է Լոռու մարզի մի շարք ընկերություններ՝ նրանց գործունեությանն ու ընթացիկ ծրագրերին ծանոթանալու նպատակով։ Այցին մասնակցել են նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը և Տաշիրի համայնքապետ Էդգար Արշակյանը: 

Նախարարը Տաշիր համայնքում այցելել է «Ալաշկերտ գրուպ» պանրի գործարան ՍՊԸ, ծանոթացել այստեղ ներդրված ժամանակակից սարքավորումներին ու արտադրական կարողություններին։ Ընկերությունում արտադրվում է ավելի քան 10 տեսակի պանիր, որը նաև արտահանվում է։ Ընկերությունն ունի շուրջ 70 աշխատակից։

Տաշիրում Գևորգ Պապոյանը եղել է նաև «Երեմյան Փրոջեքթս»-ի՝ տարածաշրջանում եզակի գերժամանակակից անասնապահական համալիրում։ Այն կառուցվել է ՀՀ կառավարության և ԵԱԶԲ-ի ֆինանսական աջակցությամբ անասնաբուծության ճյուղում իրականացվող ծրագրի շրջանակում։

«Երեմյան Ֆարմ»-ի անասնապահական 30 հեկտարից ավելի տարածք ընդգրկող համալիրը ներառում է խոշոր եղջերավոր կենդանիների և խոզերի համար նախատեսված ֆերմաներ, սպանդանոց՝ երկու ֆերմաների համար, կերախառնուրդի պահեստ, կերային մշակաբույսերի աճեցման համար նախատեսված հողատարածք, ավտոմատ կիթի գերժամանակակից սրահ, գյուղատնտեսական մեքենաների կայանատեղի և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ։

Այնուհետև նախարարն այցելել է «Բոզոյան» ՍՊԸ, որտեղ նախարարին ներկայացվել են ընկերության ցանքատարածություններն ու 2022թ.-ից հիմնված խոզաբուծական տնտեսության ընթացիկ ու նախատեսվող ծրագրերը։ Ընկերության ղեկավարությունը ներկայացրել է ցորենի, գարու արտադրության գործընթացը, կիրառվող տեխնոլոգիաները, ընկերության տեխնիկական հագեցվածությունը։