Լիզինգի պետական աջակցության ծրագրով ֆերմերներն այս տարի ձեռք են բերել շուրջ 410 գյուղտեխնիկա
Հայաստանում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի շրջանակներում այս տարի ձեռք է բերվել 411 գյուղատնտեսական տեխնիկա, ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 25 տոկոսով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը:
Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի ծրագրի մեկնարկից ի վեր տրամադրվել է շուրջ 3500 միավոր գյուղատնտեսական տեխնիկա: Ընդհանուր բյուջեն կազմում է 16.5 մլրդ դրամ:
«Այս տարի կառավարության կողմից գործող ծրագրի շրջանակներում արդեն ձեռք է բերվել 411 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, որից 106-ը՝ տրակտոր: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է շուրջ 25 տոկոսով», - ասաց Խոջոյանը:
Կառավարությունը սահմանել է յուրաքանչյուր տարի 500 միավոր գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման աջակցություն: Խոջոյանը նշեց, որ չի եղել տարի, որ այդ ցուցանիշը չգերակատարվի: Նախորդ տարի կառավարության աջակցությամբ ավելի քան 710 գյուղտեխնիկա է ձեռք բերվել: Պահանջարկը բավարարվել է: Փոխնախարարը վստահեցրեց, որ նույն քաղաքականությունը շարունակվելու է նաև այս տարի:
«Այսօր գյուղտեխնիկան հասանելի է ֆերմերներին: Քանի որ ֆերմերները բանկերի տեսանկյունից ռիսկային խմբում են գտնվում, մենք սահմանել ենք, որ ֆերմերներին տեխնիկան պետք է հասանելի լինի 2 տոկոս լիզինգային կետով, մնացածը սուբսիդավորում է կառավարությունը», - ասաց Խոջոյանը:
Նրա գնահատմամբ՝ լիզինգի գործիքի կիրառումը գյուղատնտեսական պարկի թարմացման համար հիմք է հանդիսացել: Լիզինգի դեպքում հենց սարքավորումն է հանդիսանում գրավի առարկա, հետևաբար ֆերմերներն ազատվում են գրավի ապահովման միջոցի խնդրից: Խոջոյանը ծրագիրը կարևորեց նաև գյուղատնտեսական արտադրողականության բարձրացման, բերքահավաքի ժամանակ կորուստների նվազեցման տեսանկյունից: Տեխնիկայի թարմացումը ծախսերի և կորուստների նվազեցման նպատակ ունի: