Հայաստանի ագրոպարենային ապրանքների 58 տոկոսն է արտահանվում Ռուսաստան

Հայաստանի ագրոպարենային ապրանքների 58 տոկոսն է արտահանվում Ռուսաստան

Հայաստանի ագրոպարենային ապրանքների՝ միջինացված ցուցանիշով 58 տոկոսն է արտահանվում Ռուսաստան:

«Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը՝ անդրադառնալով արտահանման դիվերսիֆիկացիայի վերաբերյալ հարցին: 

Խոջոյանի խոսքով՝ միայն 2024 թվականին կազմակերպվել են 4 միջազգային ցուցահանդեսներ, որոնց մասնակցել է հայկական շուրջ 120 կազմակերպություն: «Այսինքն՝ 120 կազմակերպություն՝ Էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ, հնարավորություն է ունեցել իր արտադրանքը ներկայացնելու Արաբական Միացյալ Էմիրություններում, ԱՄՆ–ում, ԵՄ երկրներում: Միջինացված և ծավալային հաշվեկշռով ասված ագրոպարենային ապրանքների 58 տոկոսն է, որ արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն», – ասաց Խոջոյանը:

Ըստ նրա՝ թարմ միրգ–բանջարեղենի արտահանման դիվերսիֆիկացում անելու համար անհրաժեշտ է ավելի հիմնարար քայլեր նախաձեռնել: Փոխնախարարի խոսքով՝ միջազգային գործընկերները հարցնում են, թե արդյոք թարմ միրգը կամ բանջարեղենը, այգիներն ունեն համապատասխան միջազգային սերտիֆիկացում, արդյոք արտադրողները կարող են տալ առաջարկ՝ չափի, սորտի, տեսակի մասին: Արտադրողները, սակայն, ըստ նրա, դժվարանում են տալ:

«Դա է պատճառը, որ նախաձեռնվեց ինտենսիվ այգիների հիմնման ծրագիրը: Նպատակը արտահանման դիվերսիֆիկացնումն է ու այնպիսի այգիներ ունենալը, որ կհամապատասխանի ամբողջ աշխարհի միջազգային չափորոշիչներին: Այգիները, որոնք ծրագրի շրջանակում հիմնվում են, արդեն գալիս են բերքատվության այն մակարդակի, որ կկարողանան իրենց խոսքն ասել արտահանման ոլորտում», – ասաց փոխնախարարը: