ՀՀ տնտեսական ակտիվության աճը կտրուկ դանդաղել է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-մայիս ամիսներին։
Այսպես՝
- ՀՀ տնտեսական ակտիվության աճը կտրուկ դանդաղել է: 2024թ. մայիսին ՏԱՑ-ը կազմել է 5.2%` նախորդ ամսվա համեմատ դանդաղելով 4.8 տոկոսային կետով: Արդյունքում հունվար-մայիս ամիսների ՏԱՑ-ը նույնպես դանդաղել է՝ կազմելով 11.2%: ՏԱՑ-ի դանդաղումը հիմնականում պայմանավորված է ոսկերչական գործունեության կտրուկ նվազմամբ կամ դադարեցմամբ: Վերջինս էլ իր հերթին սպասելի երևույթ էր, քանի որ ինչպես նշել ենք նախորդ տեղեկանքներում, տնտեսական բարձր աճ ապահովող այդ գործունեության տեսակը իր բնույթով բավական անկայուն է և արտաքին գործոնների փոփոխության արդյունքում կարող է կտրուկ կանգ առնել, ինչը և տեղի է ունեցել մայիսին:
- Ոսկերչական գործունեության կտրուկ նվազման արդյունքում դանդաղել են նաև արտահանման և ներմուծման աճի տեմպերը: Ընդ որում, ներմուծման աճի տեմպի կտրուկ անկումը հուշում է, որ ոսկերչական ապրանքներ այլևս չեն ներմուծվում, և ենթադրվում է, որ այդ գործունեության շարունակումը հետագա ամիսների ընթացքում քիչ հավանական է:
- Հարկային եկամուտների աճի տեմպը նույնպես կտրուկ նվազել է: Տնտեսական ակտիվության աճի կտրուկ դանդաղման պայմաններում նվազել է նաև հարկային եկամուտների աճի տեմպը՝ մայիսին հասնելով գրեթե զրոյական աճի՝ 0.8%-ի (իսկ եկամտային հարկի վերադարձը հաշվի առնելու դեպքում՝ 0.2%-ի): Արդյունքում հունվար-մայիս ամիսների հարկային եկամուտների աճը կազմել է 7.9%, իսկ հիպոթեքային վարկերի տոկոսավճարների գծով եկամտային հարկի վերադարձը հաշվի առնելու դեպքում՝ 5.1%: Վերջինս բավական ցածր է ՏԱՑ-ից, որի պատճառն այն է, որ հիմնական տնտեսական աճը պայմանավորող գործունեությունը, չի հարկվում անհրաժեշտ չափով, սակայն այդ ուղղությամբ կառավարության կողմից քայլեր չեն ձեռնարկվում: Միևնույն ժամանակ, մայիսի ՏԱՑ-ի դանդաղումն էլ ավելի է նվազեցրել հարկային եկամուտների աճի տեմպը, որի պահպանումը կարող է խնդիրներ առաջացնել բյուջեի կատարման տեսանկյունից:
- Սպառողական վարկերի աճի տեմպը շարունակում է արագանալ: 2024թ. սպառողական վարկերի աճի տեմպը բավական բարձր է եղել և վերջին ամիսներին շարունակել է արագանալ՝ մայիսին հասնելով 24.9%-ի: Հաշվի առնելով տնտեսական ակտիվության, ինչպես նաև աշխատավարձերի աճի տեմպի դանդաղումը և էականորեն ցածր տեմպը՝ վարկերի բարձր աճը խնդրահարույց է և կարող է միջնաժամկետում կայունության ռիսկեր առաջացնել:
Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով` https://shorturl.at/7KqrU ։