Մայիսին Ուկրաինան ամենաքիչ գումարն է ստացել արտերկրից՝ 2022-ի փետրվարից ի վեր
Ընթացիկ տարվա մայիսին Ուկրաինան արտերկրից ստացել է ընդամենը 20 միլիոն դոլար, այն էլ Համաշխարհային բանկից վարկերի տեսքով: Սա ամենացածր ցուցանիշն է 2022 թվականի փետրվարից ի վեր: Այս մասին հայտնում է Ուկրաինայի տնտեսական ռազմավարության կենտրոնը՝ հղում անելով երկրի ֆինանսների նախարարության տվյալներին:
Արտաքին ֆինանսավորման նախորդ հակառեկորդը սահմանվել էր փետրվարին, երբ Ուկրաինան արտասահմանից ստացավ 809.4 միլիոն դոլար:
Կիևը հուլիսին ակնկալում է ավելի քան 4 միլիարդ դոլար ստանալ ԵՄ-ից և ԱՄՀ-ից, սակայն, ինչպես նշում է Տնտեսական ռազմավարության կենտրոնը, արտաքին ֆինանսական օգնություն ստանալու ռիթմի բացակայությունը բացասաբար է անդրադառնում Ուկրաինայի իշխանությունների՝ պլանավորում իրականացնելու կարողության վրա:
Հիշեցնենք՝ փետրվարի 29-ին Ուկրաինայի ֆինանսների նախարարության ղեկավար Սերգեյ Մարչենկոն հայտարարել էր, որ երկրի բյուջեին ամեն ամիս անհրաժեշտ է 3 միլիարդ դոլարի եկամուտ: Նա նաև նշել է, որ արևմտյան երկրներում նվազում են Կիևին գումար հատկացնել ցանկացողները, և Ուկրաինայի իշխանությունների համար գնալով դժվարանում է նոր ֆինանսավորում խնդրելը:
Ուշագրավ է, որ Ուկրաինան կանխատեսել է 2024 թվականի համար ռեկորդային բյուջեի դեֆիցիտ՝ 43.9 միլիարդ դոլար: Երկրի իշխանություններն ակնկալում են դրա մեծ մասը ծածկել արևմտյան դաշնակիցների օգնությամբ:
Աղբյուրը՝ b24.am