Հայաստանից Ռուսաստան և ԵՄ արտահանումը նվազել է. փորձագետը մի քանի պատճառ է տեսնում
Հայաստանից դեպի Եվրասիական տնտեսական միության երկրներ և Եվրամիություն արտահանումն այս տարվա առաջին 4 ամսում նվազել է: Փորձագետը երկու ուղղությամբ նվազման հարցում գործոն է համարում փոխարժեքը, Ռուսաստանի դեպքում նաև ՌԴ-ի կողմից ներմուծման դիվերսիֆիկացիան, այսպիսով՝ հայաստանյան տնտեսավարողների համար ռուսական շուկայում կարճաժամկետ բարձր պահանջարկի նվազումն ու նաև վերաարտահանման նվազումը: «Արմենպրես»-ը թեմայի վերաբերյալ զրուցել է «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Նարեկ Կարապետյանի հետ:
Հայաստանն այս տարվա հունվար-ապրիլին արտահանել է 5 մլրդ 990 մլն 521.9 հազար դոլարի ապրանք, ինչը 2.8 անգամ ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:
Սակայն դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանումը 4 ամսում կազմել է 898 մլն 139.3 հազար դոլար՝ 2023-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազելով 19.8 տոկոսով: Ընդ որում, ԵԱՏՄ երկրներից Ղազախստան և Ղրղզստան արտահանումն աճել է՝ համապատասխանաբար 60.5 տոկոսով և 2.7 անգամ: Չորս ամսում Ռուսաստան արտահանումը նվազել է 21.4 տոկոսով, Բելառուս՝ 8.9 տոկոսով:
Նվազման համար առաջին գլոբալ գործոնը, որ վերաբերում է ՌԴ ուղղությանը, փորձագետը համարեց նախկինում նկատված արտահանման գերտաքացումը: «2022-ի փետրվարից հետո ՌԴ-ում որոշակի շուկաներ ազատվեցին: Եվ այդ շուկաներ մուտք գործելու հնարավորություններն օգտագործեցին նաև որոշ հայ տնտեսավարողներ: Դա չի վերաբերում միայն վերաարտահանմանը: Բացված հնարավորությունն արագ լցնելու պոտենցիալ առաջացավ, և հայ արտադրողները, դրանից օգտվելով, միանգամից արտահանման ծավալները մեծացրեցին: Այնուամենայնիվ, հաջորդող ժամանակահատվածներում որոշակի վերադասավորումներ տեղի ունեցան ռուսական շուկայում: ՌԴ-ն դիվերսիֆիկացրեց իր ներմուծումը հատկապես Չինաստանից, Հնդկաստանից, այլ ասիական երկրներից: Եվ առաջացած «ճեղքերը» սկսեցին փակել ավելի շատ երկրներ»,-ասաց փորձագետը:
Կարապետյանը չբացառեց նաև, որ հայ տնտեսավարողներն արտահանման համար օգտագործում էին իրենց կուտակած պաշարները: Եվ, բնականաբար, հիմա որոշակի ճշգրտման դինամիկա կարելի է սպասել: Նա ընդգծեց՝ իհարկե, ցանկալի կլիներ, որ հայաստանյան արտադրողները, հակառակը, ամրապնդվեին ռուսական շուկայում:
Նա դեպի Ռուսաստան արտահանման նվազման համար երկրորդ գործոն համարեց փոխարժեքը: Դրամը զգալիորեն արժևորվել է դոլարի ու եվրոյի նկատմամբ, ռուսական ռուբլու նկատմամբ: Դրամը արժևորված է մնում ռուսական ռուբլու նկատմամբ: «Եվ սա բնականաբար հարվածել է մեր արտահանման պայմաններին, գնային հատվածին: Երբ դրամն արժևորվում է, մեր արտահանման գները թանկանում են, դրամային եկամուտը ստանալու համար մեր տնտեսավարողները պետք է ապրանքն ավելի բարձր արտարժութային գնով վաճառեն, ինչը կհարվածի իրենց մրցունակությանը: Հետևաբար, սա մի կողմից ծավալների կրճատման է հանգեցնում, մյուս կողմից հանգեցնում է նաև մրցունակության և եկամուտների նվազման»,–նշեց Կարապետյանը:
Դեպի Ռուսաստան արտահանման ծավալներում նախորդ տարի մեծ դեր է ունեցել նաև վերաարտահանումը: Փորձագետ հիշեցրեց՝ անցյալ տարի Հայաստանը մեքենաներ է վերաարտահանել Ռուսաստան: Այս տարի այդ հնարավորությունը գրեթե փակվել է՝ հաշվի առնելով ուտիլիզացիոն վճարի կիրառումը ՌԴ-ի կողմից, Վրաստանի կողմից կիրառված սահմանափակումները: Սա հարվածել է արտահանման հնարավորությանը: Այսպիսով, փորձագետն այս տարի վերաարտահանման նվազումը ևս դեպի ՌԴ արտահանման ծավալների նվազման գործոն է համարում:
Դեպի ՌԴ մեքենաների արտահանումը հիմա կանգնել է: Ուստի, փորձագետը կարծում է, որ այս առումով դեպի ՌԴ արտահանման նվազումը շարունակվելու է ամբողջ տարվա ընթացքում: Իսկ ինչ վերաբերում է ավելի տնտեսական գործոնների ազդեցությամբ արտահանման դինամիկային՝ Կարապետյանն ասաց. «Դրամի արժևորման արդյունքները դեռ կշարունակենք տեսնել: Այսինքն՝ դա երկարաժամկետ ազդեցություն է ունենում, ցույց է տալիս 2000-ականների մեր փորձը, երբ դրամի արժևորումն այնպիսի հարված հասցրեց արտահանման որոշ ուղղությունների, որ տասնամյակ էր պետք դրանց վերականգնման համար»:
Ինչ վերաբերում է ԵՄ երկրներին, ապա այս տարվա 4 ամսում արտահանումը կազմել է 182 մլն 647.3 հազար դոլար, այս ցուցանիշը ևս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 22.3 տոկոսով: Թեև ընդհանուր առմամբ ԵՄ երկրներ արտահանումը նվազել է, սակայն Եվրամիության որոշ առանձին երկրների դեպքում անգամներով աճ է նկատվում: Օրինակ՝ Հայաստանից Բելգիա արտահանումն աճել է 2.1 անգամ՝ կազմելով 40 մլն 262 հազար դոլար, Բուլղարիա արտահանումն աճել է 2.9 անգամ՝ կազմելով 26 մլն 905.8 հազար դոլար: Էական աճ է արձանագրել նաև Ռումինիա արտահանումը, Հայաստանից 4 ամսում Ռումինիա է արտահանվել 2 մլն 45.9 հազար դոլարի ապրանք, ինչը 2023-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 5.9 անգամ: Սակայն, օրինակ, Գերմանիա արտահանումը նվազել է 33.4 տոկոսով՝ կազմելով 20 մլն 762.2 հազար դոլար, Նիդերլանդներ արտահանումը նվազել է 75.3 տոկոսով՝ կազմելով 28 մլն 610.2 հազար դոլար:
Փորձագետը դեպի ԵՄ արտահանման նվազման հիմնական գործոն համարեց փոխարժեքը: Ընդ որում, դրամի արժևորման հետ կապված խնդիրները համարեց տևական՝ կարևորելով ակտիվորեն պետական գործիքակազմերի կիրառման անհրաժեշտությունը: «Իհարկե, տնտեսական աջակցության որոշակի մեխանիզմներ կիրառվում են, բայց, թերևս, դրանց դերը պետք է ավելի բարձրացնել, որ տնտեսության երկարաժամկետ ուղղվածություն ունեցող հատվածները կարողանան հնարավորինս շուտ վերականգնվել այն հարվածից, որ ստացել են դրամի արժևորումից»,-նշեց Կարապետյանը:
Ինչ վերաբերում է արտահանվող ապրանքատեսակներին, ապա այս անգամ ևս Հայաստանից ամենաշատն արտահանվել են թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր՝ 4 մլրդ 587 մլն 979.3 հազար դոլարի՝ 2023-ի առաջին 4 ամսվա նկատմամբ աճելով 9 անգամ: Կարապետյանը նման մեծ ծավալի աճը պայմանավորեց դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ ու որոշ այլ երկրներ թանկարժեք մետաղների ու քարերի վերաարտահանմամբ: «5 մլրդ 990 մլն դոլար արտահանումից 4.5 մլրդ-ը վերաբերում է թանկարժեք մետաղներին ու քարերին: Հունվարին շուրջ 1 մլրդ դոլարի արտահանում ունեինք, դա սենսացիոն թիվ է: Եթե նայենք 2010-ականներին, ապա ամբողջ տարվա ընթացքում ընդամենը 2 մլրդ էինք կարողանում արտահանել, հիմա 1 ամսում 1 մլրդ ենք արտահանում: Սա նաև համաշխարհային տնտեսությունում տեղի ունեցող գործընթացների արդյունքն է. տարբեր երկրներ միմյանց նկատմամբ սահմանափակումներ են կիրառում, և առևտրային հոսքերը սկսում են իրենց ավանդական ուղիներից շեղվել և ընդգրկել Հայաստանի նման երկրները: Այդ ծավալներն այնքան մեծ են, որ մեզ համար այսպիսի «պայթեցնող» ազդեցություն են անում»,-ասաց Կարապետյանը:
Արտահանման ծավալներով հաջորդը մեքենաները, սարքավորումները և մեխանիզմներն են՝ 359 մլն 764.8 հազար դոլարի, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, սակայն, այն նվազել է 3.3 տոկոսով: Երրորդը հանքահումքային արտադրանքն է՝ 310 մլն 52.4 մլն դոլարով, աճը 19.3 տոկոս է:
Աննա Գրիգորյան